Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական կյանքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ԱՊՀ երկրների վերաբերյալ «Մուդիս» (Moody's) միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում: Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանում տնտեսության աճը 2017 թվականին ավելի արագ կլինի, քան 2016-ին. կանխատեսվում է, որ այն կկազմի 2 տոկոս` 2016-ի 1 տոկոսի փոխարեն: «Աշխարհաքաղաքական հակամարտությունները էական դեր են խաղալու ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կյանքի վրա: Ուկրաինայի դեպքերի առնչությամբ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են ունենալու: ԱՊՀ անդամ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն Բելառուսը և Ղազախստանը իրենց հարևանների հետ որևէ խնդիր չունեն»,- ասված է հաշվետվության մեջ: