Ժնևում այսօր մեկնարկել է կիպրական հարցի կարգավորման վճռորոշ բանակցությունների նոր փուլ. հունական և թուրքական Կիպրոսների առաջնորդներին միացել են երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները: Սա վերջին 43 տարում նման ձևաչափով առաջին հանդիպումն է:
Նշենք, որ երաշխավոր երկրների ներկայացուցիչների ներգրավումը բանակցություններին խոսում է այն մասին, որ հունվարի 9-ին հունական և թուրքական Կիպորսների առաջնորդների միջև սկսված բանակցությունները եղել են կառուցողական: Սակայն վերջնական համաձայնության մասին դեռևս վաղ է խոսել: Այժմ կողմերի միջև հիմնական բանավեճերն ընթանում են միասնական Կիպրոսի վարչական բաժանման՝ ավելի ճիշտ 1 տոկոս տարածքի նկատմամբ վերահսկողության շուրջ:
Թուրքական կողմը պնդում է, որ միասնական Կիպրոսի իր մասը պետք է զբաղեցնի կղզու տարածքի 29.2 տոկոսը, սակայն հույն կիպրացիները կարծում են, որ թուրքական կողմին պետք է տրվի տարածքի 28.2 տոկոսը (Նշենք, որ 1974 թվականին թուրքական զորքերի կողմից գրավված տարածքը, որտեղ ձևավորվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետությունը, կազմում է կղզու տարածքի 37 տոկոսը): Ե՛վ թուրքական, և՛ հունական կողմից կազմած քարտեզներն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի փորձագետներին: Դրանք պետք է գնահատվեն նաև երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից:
Հարկ է նշել, որ չնայած քարտեզների համաձայնեցումն առանցքային նշանակություն ունի կիպրական խնդրի կարգավորման հարցում, վերջնական կարգավորումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ բանակցությունների արդյունքներին հանրաքվեի ժամանակ իրենց համաձայնությունը տան հույն և թուրք կիպրացիները:
Նշենք, որ Կիպրոսի վերամիավորման դեպքում ենթադրվում է, որ պետք է լինի միասնական դաշնային հանրապետություն, որտեղ իշխանությունը պետք է բաժանվի հույն և թուրք կիպացիների համայնքների միջև:
Փորձագետների գնահատականով այս բանակցությունները թերևս հաջողությամբ ավարտվելու մեծ շանսեր ունեն, քանի որ Թուրքիան, որի քաղաքական հավակնությունները տարածվում են նաև Կիպրոսի թուրքական մասի վրա, այս պահին հակված է համաձայնելու թուրքական Կիպրոսի վերամիավորմանը Կիպրոսի Հանրապետության հետ: Պայմանավորված Թուրքիայում շարունակվող բռնաճնշումներով, քրդերի դեմ սկսած ռազմական գործողություններով, ինչպես նաև միգրացիոն համաձայնագրի կատարման շուրջ առկա որոշակի բարդություններով, Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները բավականին վատացել են: Կիպրական խնդրի կարգավորման հարցում խոչընդոտներ չստեղծելն Անկարային հնարավորություն կտա լավացնել հարաբերությունները Հունաստանի և ԵՄ հետ ընդհանրապես: