2017 թվականի հունվարի 1-ից Ավստրիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը՝ փոխարինելով Գերմանիային:
Այդ կապակցությամբ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան պատրաստ է 2000 թվականից այս կողմ արդեն երկրորդ անգամ ստանձնել ԵԱՀԿ նախագահությունը և նպաստել ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության հաստատմանը:
Նա առանձնացրել է Ավստրիայի նախագահության երեք հիմնական առաջնահերթություն` նպաստել գոյություն ունեցող հակամարտությունների թուլացմանը, միավորել ուժերը ռադիկալիզմի և բռնի ծայրահեղականության դեմ պայքարում` մասնավորապես երիտասարդների շրջանում, վերահաստատել վստահությունը:
«Մեր նախագահությունն աջակցելու է գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչների գործունեությանը, որոնք նախատեսված են խաղաղ ճանապարհով առկա կոնֆլիկտների կարգավորման համար», - նշել է Կուրցը, - «Մենք ԵԱՀԿ-ում մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքն առաջնահերթ է մեզ համար»։
Կուրցը շեշտել է, որ հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է լինեն առաջնահերթ և որ ինքը որպես ԵԱՀԿ գործող նախագահ անձամբ այցեր կկատարի այդ իրադարձություններից տառապող տարածաշրջաններ, որպեսզի իրազեկվի տիրող իրավիճակի մասին։
Միևնույն ժամանակ Սեբաստիան Կուրցն ընդգծել է, որ Ավստրիան շարունակելու է 2016-ի Գերմանիայի ներդրած ջանքերը փոխադարձ վստահությունը բարելավվելու ուղղությամբ:
«Ավստրիայի հայեցակարգը շատ մոտ է Գերմանիայի և ԵՄ մյուս անդամ երկրների հայեցակարգին՝ մենք պետք է փոխադարձության համակարգ ունենանք», - ասել է Կուրցը:
Նշենք, որ Գերմանիան ստանձնեց նախագահությունը բավական փոթորկոտ ժամանակահատվածում: Գերմանիայի նախագահության շրջանում երեք հիմնական ուղղություններով աշխատանքներ են տարվել՝ երկխոսությունների անցկացում, վստահության թարմացում և այդ կերպ Եվրոպայում երկարաժամկետ անվտանգության ամրապնդում:
Գերմանիան իր հերթին համոզված էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները միակ ֆորումն են հակամարտող կողմերի երկխոսությունը կազմակերպելու համար: Գերմանիայի արտգործնախարարը հստակորեն նշել էր, որ աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ Ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու համար: