Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ընդդիմադիրներին մեղադրել է խորհրդարանի աշխատանքները խոչընդոտելու, քննարկման գործընթացը դանդաղեցնելու մեջ` նշելով, որ ընդդիմադիրներն այդպիսով ոչ մի արդյունքի չեն հասնելու:
«Ինչ ուզում եք արեք, միևնույնն է ես վստահ եմ, որ եթե ոչ 15 օր, ապա 1 ամիս հետո դա (սահմանադրական փոփոխությունների նախագիծը-խմբ.) խորհրդարանից դուրս է գալու ու հանձնվելու է ժողովրդի դատին»,- ասել է Էրդողանը, հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Միջադեպի ժամանակ կոտրվել է ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը, որոշ պատգամավորներ էլ ստացել են թեթև վնասվածքներ:
Ծեծկռտուքի ժամանակ վնասվել է նաև խորհրդարանի ամբիոնը: