Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «տպավորվել» է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ լրագրողների նկատմամբ կոպիտ վերաբերմունքից՝ համեմատելով նրան Էրդողանի հետ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվակայքին՝ Թրամփն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ վիրավորել է «CNN»-ի թղթակիցներից մեկին: ԱՄՆ նախագահի այս պահվածքից ոգեշնչված Գյոքչեքը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Թրամփի այս պահվածքը նման է մեր նախագահին»:
Թրամփի և CNN-ի թղթակցի միջև տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Նախագահ Էրդողանը երեկվա իր ելույթում նույնպես անդրադարձել է դեպքին՝ արդարացի համարելով ԱՄՆ նախագահի պահվածքը:
Նշենք, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ CNN-ի թղթակիցը ցանկացել է հարց ուղղել նորընտիր նախագահին: Սակայն Թրամփը թույլ չի տվել՝ ասելով. «Խնդրում եմ, լռեք, դուք անհարգալից եք: Դուք կեղծ լուրեր հրապարակող կազմակերպություն եք: Ես ձեզ հարց տալու իրավունք չեմ տալիս»: Ի պատասխան լրագրողի բողոքին, թե դա հարձակում է CNN -ի դեմ, Թրամփը պատասխանել է, որ CNN-ը «թշվառ կառույց է»: