Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ութ տարվա ընթացքում նրա ունեցած հիմնական ձեռքբերումներն ու ձախողումները: Որոշ կետեր կարող են խիստ վիճելի լինել, սակայն մենք առանձնացրել ենք առավել մասշտաբային և հանրության լայն շրջանակներին հայտնի դարձած իրադարձությունները:
Ձեռքբերումներ
Իրանի միջուկային համաձայնագիրը
Այս համաձայնագրով, որը կնքվեց նախագահ Օբամայի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ, հանվեցին միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ այն բանի դիմաց, որ վերջինս համաձայնեց սահմանափակել հարստացված ուրանի օգտագործումը: Իրանը համաձայնեց բարձրացնել միջուկային հետազոտությունների թափանցիկությունը: Սա վերջ դրեց տարիներ ի վեր տևած լարվածությանը երկրների միջև և մեծ դիվանագիտական նվաճում համարվեց ողջ աշխարհում:
Առողջապահական բարեփոխում
Հանրամատչելի բուժման և խնամքի ակտը համարվում է Օբամայի մեծագույն ձեռքբերումը երկրի ներքին քաղաքականության մեջ: Դրա նպատակն է եղել տրամադրել մատչելի առողջական ապահովագրություն միլիոնավոր անապահով ամերիկացիների: Սակայն բազմաթիվ քննադատներ այս ակտը համարել են խաբեություն և մեքենայություն՝ ասելով, թե այն իրականում առաջին հայացքից է միայն բարեփոխում թվում:
ԼԳԲՏ համայնքի իրավունքների բարելավում
Օբաման զգալիորեն ընդլայնեց լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսֆեստիտների իրավասություններն ԱՄՆ-ում, և դարձավ առաջին նախագահն, ով պաշտպանեց նույնասեռականների օրինական ամուսնությունը երկրում:
Տնտեսության վերականգնման ակտ
Օբաման փորձեց փրկել տնտեսությունը, որն իր ամենամեծ անկումն էր ապրել 1930-ականների հայտնի ֆինանսական Մեծ ճգնաժամից ի վեր: Նա ստորագրեց վերականգնման ակտը, որով կրճատվեցին հարկերն ու պահպանվեցին միլիոնավոր աշխատատեղեր:
Կուբայի հետ հարաբերությունների վերահաստատում
ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր, բացառությամբ Իսրայելի, դատապարտել էր ԱՄՆ-ի երկարատև էմբարգոն Կուբայում: Դրան վերջ դնելու պահը շատ վաղուց էր հասունացել, սակայն Օբաման առաջին խոշոր քայլերը ձեռնարկեց, և իր վարչակազմի հետ միասին բավական ջանքեր ներդնելով այս ուղղությամբ՝ ի վերջո վերականգնեց հարաբերությունները հարևան կղզու հետ:
Ձախողումներ
Մեծաթիվ փախստականների տարհանումը
Նախագահ Օբամայի ռեկորդը փախստականների տարհանման թվով հասել է աղետալի ցուցանիշի: Դեռևս 2008 թվականի իր քարոզարշավի ընթացքում նա խոստացել էր բարեփոխումներ կատարել այս ոլորտում իր առաջին 100 օրվա ընթացքում: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, նա երկրից արտաքսեց ավելի շատ անօրինական աշխատողներ, քան որևէ այլ նախագահ նրանից առաջ:
Աֆղանստանի պատերազմը
Ոչ մի նախագահ ԱՄՆ-ի պատմության մեջ երբևէ պատերազմում չէր անցկացրել իր նախագահության երկու ժամկետները: Օբաման եռապատկեց ամերիկյան զորքերի թիվն Աֆղանստանում իր առաջին իսկ գործողությունների ընթացքում:
ԱՄՆ-ն եղել է պատերազմի մեջ ուղիղ 15 տարի (որից 8-ը Օբամայի նախագահության օրոք), դարձնելով աֆղանական պատերազմն ամենաերկարը ԱՄՆ-ի պատմության մեջ:
Գուանտանամոյի բանտը չփակելը
Դեռևս 2008 թ.-ին Օբաման ընտրարշավում խոստացել էր զբաղվել Գուանտանամոյի բանտի փակման հարցով, որը համարվում է ամենասարսափելի կալանավայրը հանցագործների համար: Օբամայի մարդասիրական կոչը փակել դժոխային բանտի դռները, բերել էր բազմաթիվ ընտրողների դրական արձագանքն ու ձայները:
Արտաքին հարաբերությունները
Ամերիկացիների մեծամասնությունը խիստ դժգոհ է Օբամայի վարած արտաքին քաղաքականությունից: Իրավիճակն Իրաքում, Սիրիայում, լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք հիշեցնում են Սառը պատերազմի տարիները, չափազանց անբարենպաստ են երկրի համար: Շատ քաղաքացիներ ցանկանում են արդեն Թրամփի օրոք հնարավորինս արագ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես նաև վերջ տալ Մերձավոր Արևելքում տարիներ ի վեր տիրող քաոտիկ իրավիճակին: