Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջնորդությամբ նախատեսվող բանակցություններին զուգահեռ ընթանում է ռուս-թուրքական համագործակցության խորացում, ինչն աննախադեպ է սիրիական հակամարտության ողջ տարիների կտրվածքով:
Ինչպես հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հունվարի 12-ին Մոսկվայում Ռուսաստանի ՊՆ-ի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակության միջև ստորագրվել է Հուշագիր Սիրիայի տարածքում գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին: Փաստաթուղթը սահմանում է ահաբեկչական թիրախներին հարվածելիս Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգման և համագործակցության մեխանիզմները:
Այս հուշագիրն, ըստ էության, պաշտոնական հիմքերի վրա է դնում Սիրիայում ռուս-թուրքական համագործակցությունը՝ պաշտոնական թիրախ հայտարարելով ԻՊ-ն: Ռուս-թուրքական հաշտեցումից հետո երկու երկրների փոխգործակցության արդյունքում արդեն իսկ մի շարք համատեղ գործողություններ են իրականացվել Սիրիայում: Նախ, Թուրքիայի օգնությամբ Ռուսաստանը կարողացավ հասնել զինված խմբավորումների դուրսբերմանը Հալեպ քաղաքից, իսկ հունվարի սկզբին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ռուսական օդուժն օգնում է Թուրքիային Ալ-Բաբ քաղաքը գրավելու համար:
Ռուս-թուրքական հուշագրի ստորագրումը որքան աննախադեպ, այնքան էլ սպասելի էր Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունում առկա տարաձայնությունների համատեքստում: Կողմերից յուրաքանչյուրի շահերն ավելի շատ հակադրվում են մյուսի նպատակներին, քան հատվում նրանց հետ:
Նույն Իրանն ու Ռուսաստանը բազմաթիվ տարաձայնություններ ունեն Սիրիայում: Օրինակ, եթե Իրանի համար սկզբունքային նշանակություն ունի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի պահպանումը, ապա Ռուսաստանի դեպքում գերակա խնդիր է սեփական շահերի պաշտպանությունը:
Իրանի համար Սիրիան աշխարհագրորեն ապահովում է Թեհրանի կապը Լիբանանի շիական Հիզբոլլահ խմբավորման հետ, հանդիսանում է իրանական «դիմադրության առանցքի» կարևորագույն գործոն, ուստի Իրանի համար կարևոր է ապահովել Սիրիայում այնպիսի իշխանություն, որը թույլ կտա մի կողմից երկիրը պահել շիական առանցքում (Թեհրան-Դամասկոս-Հիզբոլլահ), մյուս կողմից, կանխել սուննիական ճամբարի ազդեցության ուժեղացումը: Իսկ Ռուսաստանի համար գերակա խնդիր է Սիրիայում սեփական բազաների՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուս ծովային բազայի պաշտպանությունը: Վերջինս Ռուսաստանի միակ հենակետն է Միջերկրական ծովում: Եվ հենց այս բազաների ամրացման շնորհիվ Ռուսաստանը երկարաժամկետ մուտք է ստանում Միջերկրական ծով:
Պատահական չէ, որ Ռուսաստանն այս տարիների ընթացքում կարողացել է կապեր հաստատել սիրիական չափավոր ընդդիմության հետ, ինչպես նաև էականորեն ընդլայնել է քրդերի հետ ունեցած կապերը՝ դիվերսիֆիկացնելով հնարավոր նոր իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը: Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում, որը կկայացնի սիրիական ժողովուրդը: Մինչդեռ Իրանի համար Ասադի վարչակազմին աջակցելը նախկինի նման սկզբունքային է:
Գրեթե ամբողջությամբ իրարամերժ դիրքորոշումներ ունեն նաև Իրանն ու Թուրքիան: Իրանական կողմը մեղադրում է Անկարային ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, բայց միևնույն ժամանակ գերազանցապես Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեց հանդուրժել Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում, քանի դեռ դրանք ուղղված են ԻՊ-ի և քրդերի դեմ, որոնք քաղաքական ակտիվացումը ձեռնտու չէ նաև Իրանին:
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տարաձայնությունները Սիրիայում չափազանց շատ են, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նրանց համագործակցությունն այս փուլում անհնար է: Նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը (ինչն այս պահին միավորող գլխավոր գործոնն է), և նրանք այն բաց չեն թողնի: