Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ բանակ մատակարարումների ոլորտում կան խնդիրներ:
«Այս ամիսների ընթացքում կտրուկ նվազել է բանակին թերի մատակարարումների ծավալը, որը, ցավոք սրտի, բավականին մեծ էր: Գնային առումով զգալիորեն բարձրացել է նոր կնքված պայմանագրերի արդյունավետությունը»,- ասել է նախարարը:
Նա կարևորել է մատակարարումների գործընթացում այնպիսի ընթացակարգերի կիրառումը, որոնց շնորհիվ չարաշահումները անհնարին կդառնան: Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, շարունակվում են խախտումներ կատարած գործարարներին ու պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործողությունները, փոխանցում է Panorama-ն:
Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բացահայտվելու և պատժվելու են բոլոր նրանք, ովքեր ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել Հայաստանի հանրապետության զինված ուժերին:
«Մենք շարունակելու ենք հատ առ հատ բացահայտել ու պատժել այն գործարարներին, որոնք ապօրինի գործունեությամբ վնաս են հասցրել զինված ուժերին: Մենք հատ առ հատ բացահայտելու ենք և պատժելու ենք այն չինովնիկներին, որոնք փորձել են հարստանալ բանակի մատակարարումների հաշվին: Միևնույն ժամանակ պետք է ընթացակարգերի վրա աշխատենք, որովհետև քաղաքական առումով ձեռնտու է գտնել կոնկրետ դեպք և պատժել, իսկ արդյունավետության առումով շատ ավելի կարևոր է ձևակերպել ընթացակարգ, որի միջոցով գողանալը, բանակի հաշվին ապօրինի հարստանալը պետք է դառնա անհնար»,- ամփոփել է Վ. Սարգսյանը: