Սերբիա զորքերը կուղարկի Կոսովո այն դեպքում, եթե այնտեղ ապրող սերբ բնակչության համար սպառնալիք առաջանա ալբանացիների կողմից։ Այդ մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Եթե սպանեն սերբերին, ապա այո։ Եվ ոչ միայն բանակը, մենք բոլորս կգնանք։ Ես առաջինը կգնամ, ինձ համար դա առաջին անգամը չէ», - հայտարարել է Նիկոլիչը ազգային անվտանգության հարցերով խորհրդի նիստից հետո։
Նախագահի խոսքով՝ Սերբիան չի ձգտում հակամարտության, սակայն որպես պետություն սահմանադրությամբ պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին։
Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Կոսովոյի ալբանացիները հրաժարվել են թողնել 1999 թվականից ի վեր առաջին ուղևորատար գնացքը, որը մեկնում էր Բելգրադից Կոսովսկա-Միտրովիցա։