Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի ծառայությունը:
Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
• սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),
• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,
• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):