Հունվարի 23-ին Աստանայում նախանշված սիրիական բանակցությունների նախապատրաստումը շարունակվում է: Գլխավոր հարցերից մեկը բանակցությունների մասնակիցների ցանկն է, որի մշակումը դեռևս ընթացքի մեջ է: Այս փուլում դիտարկվում է այն հարցը, թե որ կողմերը կարող են մասնակցել Աստանայի բանակցություններին և ինչ մակարդակով:
Թուրքիան, որը Ռուսաստանի և Իրանի հետ հանդիսանում է Աստանայի բանակցությունների միջնորդ երկիր, ի սկզբանե պնդում էր, որ Աստանայի բանակցություններին պետք է ներկա լինեն նաև ԱՄՆ-ի և Ծոցի երկրների ներկայացուցիչները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ համաձայնությամբ Միացյալ Նահանգները Ղազախստանի մայրաքաղաքում բանակցություններին մասնակցելու հրավեր է ստացել, հայտնում է թուրքական Yeni Safak-ը: «ԱՄՆ-ը կմասնակցի Աստանայի բանակցություններին», - ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ Վաշինգթոնին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները կմասնակցի Աստանայի բանակցություններին: ԱՄՆ դեռևս չի հաստատում հրավերի ստացումը:
ԱՄՆ-ի մասնակցությունը Աստանայի գործընթացին, որի նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, կնշանակի այս երեք երկրների «հաղթանակ»՝ սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնելու իմաստով: Միացյալ Նահանգների մասնակցությունը Աստանայի բանակցություններին կընկալվի որպես ԱՄՆ-ի համաձայնություն ընթացող գործընթացին, որի առաջամարտիկները Ռուսաստանն, Իրանն ու Թուրքիան են: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի մասնակցության դեմ հայտարարություններ Իրանի և Ռուսաստանի կողմից չեն հնչում: Փետրվարի 8-ին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսվող սիրիական բանակցություններից առաջ Աստանայի գործընթացը կարող է անկյունաքարային դառնալ վերոնշյալ երեք երկրների դիրքերի ամրապնդման տեսանկյունից: Հետևաբար, Վաշինգտոնում որոշում կայացնելուց առաջ այս փաստն անտեսել չեն կարող:
Բացի այդ, ակնկալվում է, որ Աստանան կդառնա այն հարթակը, որտեղ սկիզբ կդրվի հունվարի 20-ին պաշտոնը ստանձնող նախագահ Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի միջև երկխոսությանը: Այս իմաստով ևս ԱՄՆ հնարավոր մասնակցությունը նշանակալից է լինելու: