Սոչիում ընթացող «КиВиН-2017» միջազգային փառատոնում Ստեփանակերտը ներկայացնող «Աղ ու հացով» թիմը ելույթ ունեցել է հունվարի 13-ին՝ ստանալով «բարձրացված վարկանիշ» գնահատական, բայց չի անցել երկրորդ փուլ: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնել է թիմի ներկայացուցիչ Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ դա թույլ է տալու խաղալ կենտրոնական լիգաներից մեկում: «Դեռ որոշում ենք, որ լիգայի սեզոնում ենք խաղալու ընթացիկ տարում», - նշել է Ավետիսյանը: Ավետիսյանն իր ֆեյբուքյան էջում պարզաբանել է, որ երկրորդ փուլ անցնում են այն թիմերը, որոնք խաղալու են հեռուստատեսային լիգաներում, իսկ Ստեփանակերտի թիմը դեռ երիտասարդ է և անփորձ դրա համար։
Արդեն իսկ կարելի է վստահաբար ասել, որ թիմի ելույթներն ուղեկցվում են ադրբեջանական «փիար ակցիաներով»՝ ընդ որում ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաև պետական մարմինների կողմից: Նշենք, որ «КиВиН-2017»-ում Ստեփանակերտի թիմի մասնակցությունը Բաքվում որակել են որպես սադրանք Ադրբեջանի դեմ: Ադրբեջանական ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նույնիսկ հայտարարել է, որ Ղարաբաղից թիմ հրավիրելը հակասում է Ռուսաստանի հետ գործընկերությանը:
Ամեն դեպքում, ի հեճուկս ադրբեջանական ԱԳՆ-ի, սպորտի նախարության, լրատվամիջոցների ջանքերին, Սոչիում թիմը ելույթ ունեցավ: Այդ կապակցությամբ ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների հիստերիան անդրադարձել է նաև փառատոնին մասնակցող ադրբեջանական թիմի վրա, որը «նույն բեմում ելույթ է ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»:
Ավելացնենք, որ սա КиВиН միջազգային փառատոնին Ստեփանակերտի թիմի երրորդ մասնակցությունն էր. առաջին փառատոնին թիմը ուրիշ անվան տակ է մասնակցել։