Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության (ՄՄԿ-BBP) Էդիրնեի նահանգային կառույցի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացրել դատախազություն։ Ինչպես հաղորդում է Ermeniahber-ը՝ հղում կատարելով թուրքական «Beyaz Gazetesi» թերթի կայքին լրագրողների հետ զրույցում Քյորօղլուն Փայլանին մեղադրել է «ժողովրդի մեջ քեն և թշնամանք սերմանելու մեջ»։
Թուրք պատգամավորի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար: Նա պնդել է, որ ցեղասպանության խնդիրը վիճարկելի հարց է.
«Մեր պետությունը բացել է այս թեմայի վերաբերյալ բոլոր արխիվային նյութերը՝ ներկայացնելով դրանք ողջ աշխարհի դատին», - ասել է Քյոռօղլուն:
Նրա դիտարկմամբ՝ հայ պատգամավորն իր հայտարարությամբ հանցանք է գործել՝ թաքնվելով պատգամավորական անձեռնամխելիության հետևում:
Քյոռօղլուն անհեթեթորեն պնդել է, թե իբր Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հայերն ու մյուս տեղաբնիկներն ապրել են խաղաղ ու համերաշխ: