Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Բելառուսից հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու `ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- նշել է Լավրովը:
Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ընդգրկվել էր դեռ 2011 թվականին: 2015 թվականի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: