Ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այս հատուկ օրը, երբ մենք նշում ենք Մարտին Լյութեր Քինգին և ամենն ինչի համար պայքարել է նա, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին, ով խոսում է ցեղասպանության մասին: Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ միանգամայն հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, սակայն շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան անցած տարի: Մենք քեզ հետ ենք Գարո»,- նշել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թուրքիայի մեջլիսում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթն ընդհատվել է, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի 11-րդ կետի վերաբերյալ խոսելիս կիրառել է «ցեղասպանություն» բառը: Ընդմիջումից հետո մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել ու «քննադատել» Փայլանին` ցեղասպանություն բառը խորհրդարանում օգտագործելու համար: Հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել խորհրդարանի առաջիկա 3 նիստին, իսկ նիստի արձանագրություններից հեռացվել է ելույթում կիրառված ցեղասպանություն բառը: