Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Եվրամիությունը փլուզման եզրին է կանգնած։
«Կարծում եմ, որ եվրոպացիները Եվրոպայի ճակատագիրը պահում են իրենց ձեռքում»,- շատ կոշտ մեկնաբանել է Մերկելը:
Օրերս Թրամփը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում խոսել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին՝ նշելով, որ նա աղետալի սխալ է գործել՝ թույլ տալով բոլոր ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր, ինչպես նաև պնդել էր, որ ԵՄ փլուզումն անխուսափելի է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին խստորեն պատասխանել էր Թրամփի քննադատությանն՝ ասելով, որ Եվրամիությունը կողմնակի ցուցումների կարիք չունի:
«Ես վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպան մշտապես պատրաստ է շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, սակայն հետևելու է իր շահերին ու արժեքներին։ Մենք կարիք չունենք արտաքին խորհուրդների, թե ինչ պետք է անենք», - հայտարարել էր Օլանդը:
Ըստ նրա՝ այժմյան աշխարհաքաղաքական կլիման Եվրոպային այլ ընտրություն չի թողնում՝ պաշտպանական և ռազմական ինտեգրումն ուժեղացնելուց բացի, որպեսզի իր ձայնն աշխարհում լսելի լինի:
Նշենք նաև, որ Թրամփն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ Brexit-ի մեծ երկրպագու է, և կանխատեսել, որ ԵՄ-ի մյուս անդամները նույնպես պետք է հետևեն Բրիտանիայի օրինակին: Ըստ նրա՝ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մեծ օգուտներ կբերի Լոնդոնին՝ չնայած սկզբնական շրջանի բարդություններին։
Թրամփը նաև ակնկալիք է հայտնել կրկին մերձենալ իր վաղեմի դաշնակցի՝ Մեծ Բրիտանիայի հետ: Հաշվի առնելով այն, որ նորընտիր նախագահը նման ակնկալիքներ ունի նաև Ռուսաստանից՝ ձգտելով լավ հարաբերություններ հաստատել և վերջ դնել տարիների լարվածությանը, ստացվում է, որ ընդհանուր «հակառակորդը» Եվրոպական միությունն է դառնում, որին էլ ուղղված են Թրամփի վերջին բոլոր քննադատությունները:
Սակայն ուշագրավ է, որ ինտերնետ օգտատերերը սկսել են ծաղրել սկանդալային միլիարդատիրոջը՝ ասելով, որ նա իրավունք չունի ԵՄ գործերին խառնվել, եթե նույնիսկ Յունկերին Տուսկից չի տարբերում:
Բանն այն է, որ օրերս Թրամփը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին շփոթել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
«Ես խոսել եմ Եվրամիության ղեկավարի հետ, ինձ շատ հաճելի պարոն էր զանգահարել»,- գերմանական Bild-ին ասել է Թրամփը: Պարբերականի լրագրողը Թրամփից ճշտել է. «Պարոն Յունկե՞րը»: «Այո՛, զանգահարել էր, որ ինձ շնորհավորեր ընտրություններում հաղթելու առթիվ»,- պատասխանել է Թրամփը:
Իրականում Թրամփը Յունկերի հետ երբեք հեռախոսով չի խոսել: Ճիշտ է՝ Տուսկն ու Յունկերը համատեղ հայտարարությամբ իսկապես Թրամփին շնորհավորել են ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, սակայն հեռախոսով Թրամփը խոսել է միայն Տուսկի հետ: