Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին թուրք մտավորականը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Լավ նորություններ. «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը երկրորդ հրատարակությամբ է լույս տեսել: Փոքր-ինչ ուշացավ, սակայն ես շատ ուրախ եմ»,- հայտնել է նա:
Գրքի առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:
Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունները:
Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918թթ.: Թ. Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:
Գիրքը 2016-ին թարգմանվել և հրատարակվել է հայերեն: