Թուրքիայում սկսվել է քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դատավարությունը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվական կայքին դատախազը Դեմիրթաշի համար պահանջում է 142 տարվա ազատազրկման ժամկետով պատժաչափ:
Դեմիրթաշը դատական նիստին ներկա չի եղել, տեսակապի միջոցով միացել է Էդիրնեի բանտից:
Դեմիրթաշն իր պաշտպանական ճառում նշել է. «Մենք նույնիսկ բարկացած չենք, այն մարդկանց վրա, ովքեր մեր դեմ այսպիսի բաներ են անում: Քաղաքականությունը համբերատարություն է պահանջում: Գիտենք, որ այս օրերն էլ կանցնեն: Չէի ցանկանա անգամ մեր նկատմամբ կալանավորման որոշում կայացրած դատավորի տեղը լինել, քանի որ կամ նա պետք է ձերբակալվեր, կամ մենք»: