Թուրքական այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունն առաջարկել է օրինական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչողների համար:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «İhlas» լրատվական գործակալությանը կազմակերպությունն արդեն սկսել է նմանատիպ նախագծի մշակումը, որը պետք է ներկայացվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահությանը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն առաջարկել է Եվրոպայում ցեղասպանության ժխտումն արգելող օրենքների նմանությամբ ստեղծել այնպիսի օրենք, որով կարգելվի Թուրքիայում ցեղասպանության մասին խոսել:
«Որոշ խմբեր օգտագործում են այդ՝ «հայերը կամ հույները, քրդերը ցեղասպանության են ենթարկվել» արտահայտությունը՝ դրանով փորձելով ջլատել Թուրքիան, ջանալով ուժ և համախոհներ հավաքել: Օրեր առաջ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հայտարարեց թե ՝ «ես էլ ձեր սրից փրկվածներից եմ»: Դրանով մեր ազգը մեղադրվեց ոճրագործ, արյան ծարավ մարդասպան լինելու մեջ»,- նկատել է Գյուլբեյը:
Նա նշել է, որ ցեղասպանություն բառի համար մեջլիսի առաջիկա 3 նիստերին մասնակցության արգելքն արդեն իսկ նախադեպ է ստեղծում իր առաջարկած օրինագծի համար:
«ASİMDER»-ի նախագահը տեղեկացրել է, որ իրենք նաև թեմայի քննարկման նպատակով առաջիկայում հանդիպումներ կունենան Թուրքիայի առաջատար կուսակցությունների՝ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: