Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում կրկին ակտիվացել են արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին քննարկումները: Ընդ որում, հարցը բարձրացվել է ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Նշենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունն ակտիվ քննարկվում էր մինչև խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության անցկացումը: «Եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն խորհրդարանով, ապա գարնանը կամ աշնանը Թուրքիայում արտահերթ ընտրությունների հավանականություն կա, չնայած ոչ ոք դա չի ցանկանում», - հայտարարել է մեջլիսի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար իշխող կուսակցության պատգամավոր Մուստաֆա Շենտոնը: Արտահերթ ընտրությունների հավանականության մասին խոսել է նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում իշխող կուսակցությանն աջակցություն հայտնած Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին:
Այն բանից հետո, երբ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցի շուրջ անհրաժեշտ 330 պատգամավորի փոխարեն քվեարկեց 340-ը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ընտրություններն անց են կացվելու 2019 թվականին, և որ արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններով փորձ է արվում երկրում անորոշություն առաջացնել:
Այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունների, ինչպես նաև իշխանամետ ընդդիմության կողմից արտահերթ ընտրությունների մասին խոսակցություններն, ըստ էության, սպառնալիք էին՝ ուղղված մեջլիսի պատգամավորներին, որ փոփոխություններին չաջակցելու դեպքում կարող են կորցնել իրենց մանդատները: Եվ, ինչպես ցույց են տալիս քվեարկության արդյունքները, այն բավականին լավ աշխատել է, և Էրդողանի համար միանձնյա իշխանություն երաշխավոր սահմանադրությունը կդրվի հանրաքվեի արդեն 2017 թվականի գարնանը:
Ամեն դեպքում, չնայած թուրքական իշխանությունների համար երկրում տիրող իրավիճակի պայմաններում արտահերթ ընտրություններ անցկացնելը բնավ արդարացված չէ, սակայն չպետք է բացառել նման հնարավորությունը: Թերևս այսօր դժվար է հստակ նշել, թե հանրաքվեն ինչ արդյունքներ կունենա: Վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը լուրջ հարված էր իշխանությունների հեղինակության. դրանք ցույց տվեցին, որ իշխանությունները, չնայած ձեռնարկած կտրուկ միջոցառումներին, չեն կարողացել լուծել ազգային անվտանգության հարցը: Իշխանությունների վարկանիշի համար հարված էր նաև Սիրիայի հարցում Էրդողանի քաղաքականության փոփոխությունը: Բացի այդ, սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումների ֆոնին իր գործունեությունն ակտիվացրել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը հեղաշրջման փորձից հետո բավականին զգույշ էր գործում՝ վախենալով գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեղադրանքից: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Էրդողանը հանրաքվեից չստանա իր սպասած արդյունքը: Նման պայմաններում չի բացառվում արտահերթ ընտրությունների նախաձեռնումը: