Խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթեր (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10:28     19 հունվարի, 2017

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ խորհրդային առաջին ատոմային ռումբը ստեղծվել է Հայաստանում։

2011թ. գաղտնազերծված փաստաթղթում ասվում է, որ համապատասխան գործարանների տեղակայման վայրի համար դիտարկվել է մի քանի վայր՝ Ուրալից սկսած, մինչև Արևմտյան Սիբիր, սակայն այդ տարածքներից ոչ մեկը տվյալ նպատակին չի համապատասխանել։

Փաստաթղթի համաձայն՝ Լավրենտի Բերիան, որն այդ ժամանակ ղեկավարել է ԽՍՀՄ-ում ատոմային զենքի ստեղծման նախագիծը, ընտրության հարցում կանգ է առել Հայաստանի վրա։ Նշվում է, որ գործարանի շինարարությունը սկսվում է 1947թ. Սևանա լճի մոտ գտնվող տարածքում և ավարտվել 1948թ. մայիսին, փոխանցում է 1in.am-ը։

Տեղեկատվության համաձայն՝ արտադրական գոտիները գտնվել են Արագած լեռան արևելյան լանջերի մոտ և տեղակայվել են 6 բազալտե քարանձավներում։ Շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գերմանացի ռազմագերիները, որոնք նախկինում ներգրավված են եղել Ֆաշիստական Գերմանիայի ստորգետնյա օբյեկտների շինարարական աշխատանքներում։

Նշվում է նաև, որ 1948թ. հունվարին Հայաստանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտները ուրան են ստացել Սաքսոնիայից և Չեխոսլովակիայից, իսկ 1949թ. մշակվել է առաջին ատոմային ռումբը։ Միջուկային զենքը փորձարկվել է Ուրալում՝ Մագնիտոգորսկ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ 1949թ. սեպտեմբերին պաշտոնական Վաշինգտոնը և Լոնդոնը ընդունել են խորհրդային միջուկային ռումբի փորձարկման փաստը։

Զեկույցում նշվում է, որ ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարել է պրոֆեսոր Առաքելյանը՝ Միկոյանի դպրոցական ընկերներից մեկը (փաստաթղթում անունները նշված չեն)։


© armedia.am