Այսօր՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստից հետո, Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ-ի մոտակա գագաթաժողովում հստակություն կլինի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: Այս մասին հաղորդում է News.am-ը:
Փոխնախարարի պնդմամբ՝ Երևանում կայացած ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ժամանակ այդ հարցի շուրջ կոնսենսուս չձևավորվեց: Այդ հանդիպմանը մասնակցություն չէր ունեցել Բելառուսի նախագահը: «Արդյունքում հունվարի 1-ից ոչ թե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կա, այլ պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետև համաձայն ընդունված որոշման Բորդյուժան այևս չէր կարող մնալ այդ պաշտոնում:
ՀԱՊԿ մոտակա գագաթաժողովը այս հարցում պետք է հստակություն մտցնի: Իսկ այդ տեղը Հայաստանինն է: Հավաքի և կոնսենսուսային որոշման լինելուն պես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Հայաստանի ներկայացուցիչը»:
Շավարշ Քոչարյանը, ի պատասխան այն դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են ՀՀ ներկայացուցչի նշանակմանն այդ պաշտոնում, նշեց, որ Ղազախստանը երբևիցե այդ հարցում խոչընդոտ չի հարուցել: