Հունվարի 17-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես եկավ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի շուրջ սպասված հայտարարությամբ: Բրիտանիայի վարչապետի խոսքերից հայտնի դարձավ, որ այդ երկիրն ընտրել է ԵՄ-ից լիարժեք ապահարզանի՝ կոշտ Brexit-ի (hard Brexit) ուղին:
Մեյի 12 կետանոց հայտարարության գլխավոր թեզերից էին հանդիսանում այն, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ միասնական շուկայից, եվրոպական մաքսային միության կազմից՝ փոխարենը ԵՄ և առանձին երկրների հետ կնքելով առևտրային համաձայնագրեր:
Թերեզա Մեյի հայտարարությունից հետո առաջինն արձագանքեցին ֆինանսական շուկաները: Մասնավորապես՝ բրիտանական ֆունտի փոխարժեքն աճ գրանցեց` ելույթին հաջորդած առաջին օրը՝ 0.01 կետով, իսկ երկրորդ օրը՝ 0.02 կետով:
Պետք է նշել սակայն, որ Մեյի ելույթով պայմանվորված բրիտանական ֆունտի արժևորումն ունի կարճաժամկետ բնույթ և, ընդհանուր առմամբ, կարելի է բնութագրել՝ որպես Մեծ Բրիտանիայում հայտնի հանրաքվեի գրանցած արդյունքներից հետո ստեղծված իրավիճակի շուրջ առաջին որոշակիության արդյունք: Մինչդեռ Եվրամիությունից նման կտրուկ հեռանալը կարող է բնավ դրական հետևանքներ չունենալ բրիտանական տնտեսության համար:
Թերևս սկսենք նրանից, որ դուրս գալով ԵՄ միասնական շուկայից, Բրիտանիան հայտնվում է միանգամից երկու խոշոր հարվածի ներքո: Առաջինն այն է, որ միանգամից կորցնում է 500 միլիոնանոց սպառողական շուկա առանց դժվարության մուտք գործելու հնարավորությունը, մյուս կողմից՝ հայտնվում է Եվրամիության երկրների կողմից իրականացվող Օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ կրճատման վտանգի ներքո: Պատահական չէ, որ Մեյի ելույթին անմիջապես հաջորդեցին գերմանական գործատուների կողմից հնչող կարծիքները, թե ՄեԾ Բրիտանիայում իրենց կողմից իրականացված 120 մլրդ եվրոյի ներդրումները պայմանավորված էին միմիայն միասնական շուկայում գտնվելու փաստով: Նշնեք, որ միայն գերմանական ներդրումների արդյունքում Մեծ Բրիտանիայում ստեղծվել է 400 հազար աշխատատեղ:
Թեև Մաքսային միությունից դուրս գալով Մեծ Բրիտանիան կկարողանա իր համար առավել շահավետ պայմաններով առևտրային համաձայնագրեր կնքելայլ երկրների հետ, այնուամենայնիվ ԵՄ շուկան փոխարինելու համար անհրաժեշտ է ժամանակ, իսկ խոշոր առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցությունները երբեմն տևում են տարիներ:
Միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ հենց այս հնարավոր ռիսկը նվազեցնելու համար է Թերեզա Մեյը ձգձգում Brexit-ի մեկնարկի գործընթացը՝ հայտարարելով, որ պաշտոնական դիմումին կարելի է սպասել մարտ ամսից ոչ շուտ, իսկ ԵՄ-ից վերջնականապես դուրս գալուն՝ երկու տարի հետո միայն: Չնայած պետք է փաստել, որ սա ևս լիարժեք լուծում չէ մինչ Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության լիարժեք գործունեություն ծավալելն ընկած ժամանակահատվածի վակուումը լրացնելու համար:
Բրիտանական տնտեսության բացասական սպասումների մասին բրիտանացի տնտեսագետներն ահազանգել են դեռևս նախորդ տարվա վերջում, անգամ եթե չընտրվեր ԵՄ-ից դուրս գալու կոշտ եղանակը: Այսպես, Մեծ Բրիտանիայի Տնտեսական և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն (NIESR) ու Տնտեսագիտության լոնդոնյան դպրոցի Տնտեսական կանխատեսումների կենտրոնը (LSE) կառավարությանն ուղարկված նամակով զգուշացրել են սպառնացող վտանգների մասին: Հետազոտությունում, մասնավորապես, մինչև 2030 թ.-ի համար կանխատեսվում է բրիտանական ՀՆԱ 4.5 տոկոսանոց անկում, ինչպես նաև 2.6%-9.5% բարեկեցության մակարդակի նվազում: Կենտրոնների հաշվարկով Մեծ Բրիտանիան, առաջացած բացը լրացնելու համար պետք է շատ արագ կարողանա մեծացնել առևտրաշրջանառությունը գործընկերների հետ (ոչ ԵՄ անդամ) 37%-ով, ինչը փաստացի իրատեսական չէ:
Համախառն պատկերը ցույց է տալիս, որ Brexit-ի հետևանքները մեղմելու, թերևս ամենաիրատեսական ուղին, «փափուկ ապահարզան»-ի ուղին էր, որը ԵՄ և բրիտանական տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտար «իրարից առանձին» ձևաչափին ադապտացվել ոչ շոկային պայմաններում:
Եվրամիության համար իրավիճակն ավելի բարվոք կլիներ, եթե Brexit-ի գործընթացը կատարվեր շատ արագ, և ինչպես Մեյն է նշել, չխլեր ընդհուպ մինչև երկու տարի ժամանակ: Առկա իրավիճակում ներքին ռեսուրսներն արագ կոնսոլիդացնելու գործընթացին խանգարող կհանդիսանան արդեն Մաքսային միության անդամ չհանդիսացող, սակայն դեռևս այդ տիրույթում առկա տնտեսվարողները: