Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ, հայտնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքը:
Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Երևան քաղաքի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ նաև ստեղծել ամուր բարեկամական կապեր քաղաքամայր Երևանի և Արցախի միջև:
«Մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի ու Արցախի շրջանների հետ կապերը զարգացնելու և խորացնելու Երևանի քաղաքապետարանի անկեղծ շահագրգռվածությունը և պատրաստակամությունը: Դա հայրենասիրության և քաղաքացիական բարձր կեցվածքի վառ դրսևորում է »,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Երկրի ղեկավարը պետական պարգևներով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների մի խումբ աշխատակիցների` ԼՂՀ մայրաքաղաքում և շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: