ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:
Ողջունելով հայկական պատվիրակությանը` Յուլի Էդելշտեյնը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, հայ և հրեա ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և հայտնել իր պատրաստակամությունը` այսուհետ ևս ջանքեր ներդնելու տարբեր ոլորտներում համագործակցության համար` մասնավորապես ընդգծելով մշակույթի, տուրիզմի, տնտեսության և հատկապես գյուղատնտեսության ոլորտները: Կնեսետի խոսնակը կարևորել է նաև հայ և հրեա համայնքների ունեցած դերակատարությունը պետությունների զարգացման գործում, - նշում է A1+ը:
Պարոն Էդելշտեյնը նաև հույս է հայտնել, որ ապագայում հնարավոր կլինի գտնել խաղաղ լուծուներ չկարգավորված հակամարտությունների համար: Կնեսետի խոսնակը խոստացել է աջակցել Իսրայելի և Հայաստանի միջև բարձրաստիճան պաշտոնյաների միջևհանդիպումների հաճախակի կազմակերպմանը, ինչպես նաև միջխորհրդարանական ակտիվ հարաբերությունների պահպանմանը:
Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչվել Կնեսետի կողմից, սակայն վերջին շրջանում այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք քայլեր: