ՀՀ Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Մարտական պատրաստության ակումբի հիմնադիր Րաֆֆի Գևորգյանի հետ:
- Մարտական պատրաստության ակումբը գործում է 2013 թվականից, ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ է տալիս իր մասնակիցներին:
- Մարտական պատրաստության ակումբի հիմնական նպատակն է, որ մասնակիցը տիրապետի զենքին, տիրապետի հմտությունների, որոնք կարող են պետք գալ ռազմական իրավիճակներում, ինչպես նաև գիտելիքներ ստանա ռազմաքաղաքական իրավիճակի, Հայաստանի անվտանգային իրավիճակի մասին: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ և պարտադիր է երիտասարդների համար:
- Ո՞վքեր են հիմնականում մասնակցում այս նախագծին, և որքա՞նով է շարունակական այդ կապը:
- Ակումբը հիմա ունի իր կորիզը, ովքեր նախորդ ծրագրերին մասնակցած երիտասարդներ են: Մարտական պատրաստության ակումբը 6 սերունդ է ունեցել, և ակումբի հիմնական անդամներն այն երիտասարդներն են, ովքեր նախկինում մասնակցել են դասընթացներին:
- Երիտասարդ սերունդն ինչպե՞ս է այսօր վերաբերվում բանակին, և ինչպե՞ս կարող է իր ներդրումն ունենալ բանակի զարգացման գործում:
- Կարծում եմ բանակի նկատմամբ երիտասարդ սերնդի ընդհանուր վերաբերմունքը դրական է: Բանակի զարգացման գործում մեր երիտասարդ սերնդի ներդրումը կարող է լինել հենց իր ավելի ուժեղ, գիտակից և պատարստված լինելը:
- Ձեր մաղթանքը հունվարի 28-ի կապակցությամբ:
- Հունվարի 28-ի կապակցությամբ կմաղթեմ միայն հաղթանակ: