Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները:
Ինչպես հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքին Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը:
Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՇԿ) ներկայացուցիչները:
Ժողովրդի կողմից ընտրված քուրդ ղեկավարի փոխարեն պետության կողմից նշանակված կառավարիչը հայերեն ցուցանակները հեռացնելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել: