Ղազախստանի մայրաքաղաք Աստանա են ժամանել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցները: Խոսքը գնում է բանակցող հիմնական կողմերի (Սիրիայի կառավարության և ընդդիմության) և միջնորդ երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) պատվիրակությունների մասին: Աստանայում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Ակնկալվում է, որ բանակցությունները մեկնարկելու են տեղի ժամանակով ժամը 13-ին և ավարտվելու են հունվարի 24-ին` գրեթե նույն ժամանակ: Նախատեսվում է ուղղակի բանակցություններ անցկացնել սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Բանակցություններն ընթանալու են փակ դռների հետևում:
Ովքե՞ր են մասնակցելու Աստանայի բանակցություններին:
Ընդդիմության կողմից բանակցություններին մասնակցելու համար 12 զինված խմբավորումների ներկայացուցիչ է ժամանել, հայտնում է Մերձավոր Արևելքի ինստիտուտը: Խոշորագույն Ահրար Աշ-Շամ խմբավորումը հրաժարվել է մասնակցել բանակցություններին:
Բանակցությունների նախապատրաստման փուլում լուրջ քննարկումների առիթ էր դարձել Սիրիայի քրդերի և ԱՄՆ-ի մասնակցության խնդիրը: Սիրիայի քրդերը հայտարարել են, որ Աստանայում կայացված որոշումներն իրենց վրա չեն տարածվելու, քանի որ իրենց ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին: Վաշինգտոնը հայտարարել է, որ ներկայացուցիչներ չի ուղարկելու Աստանա՝ բավարարվելով Ղազախստանում ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ:
Ինչի՞ շուրջ են բանակցելու Աստանայում:
Բանակցությունների հիմնական նպատակը «Սիրիայում հրադադարի մասին 2016 թվականի դեկտեմբերի 29-ի համաձայնության հաստատումն է»: Նոր նախաձեռնություններ չեն ակնկալվում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Աստանայի բանակցություններում առաջնային է լինելու հրադադարի պահպանման խնդիրը մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար: Նրա կարծիքով Աստանայի բանակցությունները թույլ կտան «զինված ընդդիմադիր խմբավորումներին միանալ Սիրիայում ազգային հաշտեցման գործընթացին»:
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում եզրափակիչ փաստաթուղթ է լինելու: Նախօրեին միջնորդ երկրների պատվիրակությունները ժամեր տևած երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններից հետո (այդ թվում նաև սիրիական ընդդիմության և կառավարության ներկայացուցիչների հետ), հայտարարել են, որ կողմերին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, եզրափակիչ փաստաթղթի շուրջ աշխատանքը շարունակվում է: