ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երթեր են տեղի ունեցել` ի պաշտպանություն կանանց իրավունքների: Վերջինիս կազմակերպիչները, որոնց շարքերում կան ձախ կուսակցությունների, ֆեմինիստական և «կանաչների» շարժումների ակտիվիստներ, այս կերպ փորձում է ուշադրություն հրավիրել կանանց իրավունքների վրա, քանի որ վստահ են, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո դրանք կհայտնվեն վտանգի տակ: Նրանք մասնավորապես վկայակոչում են նախընտրական արշավի ժամանակ նորընտիր նախագահի կողմից կանանց հասցեին հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները և մասնավորապես 2005 թվականի ձայնագրություններից մեկը, որում նախագահը խոսում է իր կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին:
«Վաշինգտոնում «Կանանց երթը» մեր նոր վարչակազմին հենց առաջին օրը հասկացնել կտա, որ կանանց իրավունքները մարդու իրավունքներ են», - նշել են ակցիայի կազմակերպիչները:
Վաշինգտոնում կայացած երթին միացել են նաև մի շարք հայտնիներ, ինչպես օրինակ՝ երգչուհի Քեթի Փերին, դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը, Էմի Շումերը, Պատրիսիա Արկետը և ռեժիսոր Մայքլ Մուրը: Վաշինգտոնում կայացած երթի ժամանակ Թրամփի կոշտ քննադատությամբ հանդես է եկել նաև երգչուհի Մադոննան: Ոստիկանության տվյաներով՝ Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ կես մլն մարդ, նույնքան ցուցարարներ դուրս են եկել Լոս-Անջելեսի փողոցներ, հայտնում է The Washington Post-ը:
Ավելի քան 500 000 մարդ երթի է դուրս եկել Նյու Յորքում: Ցույցեր են անցկացվել նաև Մայամիում, Դենվերում, Սիեթլում, Ֆիլադելֆիայում: Հաղորդվում է, որ ակցիաներին ընդհանուր մինչև 2 մլն մարդ է մասնակցել: Նշենք, որ ակցիայի մասնակիցները, որոնցից շատերը վառ վարդագույն գլխարկներ են կրում, նաև հանդես են գալիս ռասայական հավասարության, հասանելի բուժօգնության, քաղաքացիական տարբեր իրավունքների և ազատությունների պահպանման օգտին:
Ցուցարար ամերիկացիներին աջակցել են աշխարհի այլ քաղաքներում ևս՝ Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում, Ժնևում, Ամստերդամում, Նայրոբիում, Սիդնեյում, Մելբուրնում, Տոկիոյում, Հելսինկիում: «Կանանց երթ» է անցկացվել նույնիսկ Անտարկտիդայում:
Ավելացնենք, որ «Կանանց երթը» համարվում է ԱՄՆ-ի նախագահի առաջին աշխատանքային օրը տեղի ունեցած ամենազանգվածային բողոքի ակցիան: Համեմատության համար նշենք, որ 1973 թվականին Ռիչարդ Նիքսոնի կողմից պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը բողոքի ակցիայի էր դուրս եկել 60 հազար ամերիկացի՝ ընդդեմ Վիետնամում պատերազմի շարունակման: