Նախորդ շաբաթ կայացավ հայ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցն Իսրայել, որտեղ վերջինս հանդիպումներ են ունեցել Իսրայելի քաղաքական շրջանակների, առողջապահության, կրթության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ի տարբերություն վերջինին երկու ոլորտների՝ որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ են ունեցել, առողջապահության, կրթության, ինչպես նաև մշակութային ոլորտներում համագործակցության շուրջ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Թել-Ավիվում կայացել է նաև վերջերս Երևանում ձևավորված հայ-իսրայելական միջազգային հասարակական երկրորդ ֆորումը:
Կնեսետի խոսնակի հետ հանդիպման ժամանակ կողմերը հույս են հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտության զարգացումը դրական կանդրադառնա երկու պետությունների հարաբերությունների զարգացման վրա:
Այստեղ հարկ է նշել, որ չնայած Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, երկկողմ հարաբերություններում առանձնակի կտրուկ զարգացումներ մինչ այժմ տեղի չեն ունեցել, ինչի մասին վկայում է նաև միմյանց տարածքում դեսպանատների բացակայությունը: Ընդհանրապես հայ-իսրայելական հարաբերություններին բնորոշ է որոշակի զգուշավորություն՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչն էլ հանգեցնում է նման դանդաղ զարգացման: Այսպես, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման որոշակի խոչընդոտ է մի կողմից Իսրայելի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի, իսկ այժմ էլ զարգացող հարաբերություններն Ադրբեջանի հետ, մյուս կողմից՝ արաբական երկրների և Իրանի հետ Երևանի բարեկամական հարաբերությունները:
Թերևս հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումն առավել իրատեսական է քաղաքական համագործակցության համատեքստում, որտեղ ևս առկա են որոշակի «բարդություններ»: Մասնավորապես, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը որոշակի բացասական ֆոն է ստեղծում այս ուղղությամբ հարաբերությունների զարգացման համար:
Ամեն դեպքում, հաշվի առնելով երկու երկրների միջև պատմական առնչությունները, հայկական և հրեական լոբբիների միջև հարաբերություններն, ինչպես նաև միմյանց նկատմամբ երկու հասարակությունների վերաբերմունքը կարծում ենք, որ նպատակաուղղված ակտիվ քայլերի շնորհիվ հնարավոր կլինի հալել երկու երկրների միջև առկա «սառույցը»: