Թուրքիայի քաղաքական հասարակական և մամուլի շրջանակներում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ թուրքական «Habereser» լրատվական կայքն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք այժմ առանցքային դեր ունեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Նշվում է, որ երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բարձրաձայնեց ԱՄՆ-ի հետ կապված հիմնական խնդրահարույց հարցերի մասին:
Մասնավորապես դրանցից են ամերիկաբնակ միլիարդատեր և իսլամի քարոզիչ հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին չաջակցելու հարցը: Աղբյուրը հարցադրում է անում, թե արդյո՞ք Թրամփը կհրաժարվի «միացյալ քրդական պետություն ստեղծելու» մտքից, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) աջակցելուց: Եվ հնարավո՞ր է արդյոք, որ ԱՄՆ-ն կողմ չլինի թուրք-քրդական բանակցություններին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին՝ թուրքական լրատվամիջոցը նշում է, որ դեռևս անհայտ է, թե արդյո՞ք Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն կհրաժարվի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես մահակ օգտագործելուց: