Բեռլինում թուրքական ծագում ունեցող մի խումբ տաքսիստներ վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Berliner Zeitung պարբերականը` հայտնելով, որ Օզդեմիրը նամակ է գրել Բեռլինի տաքսիստների միություն` պատելլով իր հետ կատարվածը:
Օզդեմիրը հայտնել է, որ իր դեմ հնչեցված վիրավորանքների ու սպառնալիքների պատճառներից մեկն էլ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն է: «Որևէ խնդիր չեմ տեսնում, երբ արտահայտում են իրենց մտքերը, սակայն սպառնալիքները, վիրավորանքն ու ագրեսիվ վերաբերմունքն ինձ համար վերջին կետն են»,- նամակում ասել է Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորը:
Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունման գործում մեծ ջանքեր է գործադրել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը: