ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանի կողմից մանրամասն ներկայացվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնման որոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Պաշտպանի խոսքով, դա լրջորեն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
Քննարկվել են նաև նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր և այլն:
Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016-ի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև 2017-ի հունվարի 3-ի և 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով: