ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական «պատմական» այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է պատվո պահակախմբով: Հարկ է նկատել, որ սա 2008 թվականից ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն է ՌԴ:
Այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադառնանք հիմնական պայմանավորվածություններին:
Կստեղծվի հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ
Երկկողմ համագործակցության ավանդական ուղղությունները քննարկելուց բացի, կողմերն անդրադարձել են նաև նոր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը՝ առանձնակի կարևորելով համատեղ նախագծերի միջոցով ռուսական կապիտալի ներգրավումը հայաստանյան բիզնեսում:
Այս համատեքստում քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորել Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ի պատասխան՝ ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են ներդրումային համագործակցության հատուկ հիմնադրամ ստեղծել: ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես գալով հայտարարությամբ ՌԴ վարչապետն իրազեկել է, որ ներդրումային համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հանձարարական տալ պրոֆիլային գերատեսչություններին վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները:
Կընդլայնվի համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում
Իր խոսքում ՌԴ վարչապետն անդրադաձել է նաև գյուղատնտեսությանը, փաստելով, որ առկա է զարգացման շատ մեծ ներուժ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը: Մեդվեդևի խոսքով՝ ներկայումս առկա են մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում:
Ռուսական ընկերությունները կներգրավվեն ՀՀ-Իրան ազատ առևտրի գոտում
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:
Ինչպես հայտնի է՝ ԱՏԳ-ն նպատակ ունի առավել ակտիվացնել տարածաշրջանային առևտրատնտեսական հարաբերությունները, ստեղծել հարթակ նոր ներդրումների ներգրավման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար: Այն հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանի գրավչությունն ու այնտեղ հիմնել նոր արտադրություն, որը ԵԱՏՄ կարտահանվի «Արտադրված է Հայաստանում» պիտակով: ԱՏԳ-ի գերակա ոլորտները կլինեն գյուղմթերքն ու սննդի վերամշակումը, արդյունաբերությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիանեըր, դեղագործությունը և տեքստիլ արտադրությունը:
ՌԴ քաղաքացիները ՀՀ կայցելեն ներքին անձնագրերով
Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ ՌԴ բնակիչները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Վարչապետի խոսքով՝ այդ մասին ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ: Կողմերը հայտագրեր են փոխանակել նաև 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին»:
Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ այս որոշումը կխթանի մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացումը:
Ստորագրվել են փաստաթղթեր
Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել.