Թուրքիայում ձերբակալվել է Ցեղասպանության համար ներողություն խնդրած Օսման Բայդեմիրը

17:39     25 հունվարի, 2017

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Բայդեմիրից բացի Դիարբեքիրում ձերբակալվել են նաև քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավորներ` Ահմեթ Յըլդըրըմը և Իմամ Թաշչըէրը: Նրանք տարվել են դատարան` «Քրդստանի հասարակությունների միության» (KCK) գործով ցուցմունք տալու:

Իմամ Թաշչըէրի դեմ հետաքննություն է իրականացվում «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը հրապարակայնորեն ծաղրելու», «Հանրապետության նախագահին վիրավորելու», «պաշտոնյային զբաղեցրած պաշտոնի համար վիրավորելու» մեղադրանքներով:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։ 


© armedia.am