Թրամփը Սիրիայում անվտանգության գոտիներ կստեղծի

09:57     26 հունվարի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ «Ես միանշանակ անվտանգության գոտիներ կստեղծեմ Սիրիայում»,-ասել է նա։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրոպան վիթխարի սխալ է թույլ տվել՝ թողնելով միլիոնավոր փախստականների հայտնվել Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում։

Մասնավորապես նախատեսվում է ռազմական գործողությունների պատճառով իրենց բնակավայրերը լքել ստիպված սիրիացիների համար երկրի տարածքում ստեղծել գոտիներ, որտեղ նրանք կարող են հանգիստ սպասել մինչև հակամարտության կարգավորում:

Անվտանգության գոտիների ստեղծման պլանը պետք է պատրաստվի դրա վերաբերյալ հանձնարարականի ստորագրումից հետո 90 օրվա ընթացքում:

Վերլուծաբանները նշում են, որ Թրամփի այս նախագիծը կարող է լուրջ տարաձայնություններ առաջացնել Ռուսաստանի հետ, քանի որ նման գոտիների ստեղծումը ենթադրում է նաև այդ շրջանների թռիչքներից զերծ լինելու հայտարարում, ինչպես նաև ցամաքային զորքերի տեղակայում:

 


© armedia.am