Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

13:30     26 հունվարի, 2017

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին Armenpress-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպնաություն և հանցագործություն մարդկության դեմ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման սարսափելի իրադարձություններ չկրկնվեն աշխարհի և ոչ մի անկյունում, որևէ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների հետ: Սաբադելի քաղաքային իշխանությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»:

Փաստաթութը հեղինակել է «Ciudadanos» կուսակցությունը՝ այդպիսով բավարարելով հայ համայնքի համապատասխան հայցը:


© armedia.am