Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
- Հունվարի 28-ին նշում ենք ՀՀ բանակի հիմնադրման 25-րդ տարեդարձը։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այս 25 տարիների գլխավոր ձեռքբերումները։ Եվ ի՞նչ ակնկալիք ունեք մոտակա տարիներից։
- Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Այս 25 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ, որոնք, սակայն, մեր ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել: Այժմ մենք ունենք կայուն, ամուր և մարտունակ բանակ, և դա ամենակարևոր ձեռքբերումն է:
25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձևավորել մի կայուն շղթա հասարակության և բանակի միջև: Այժմ մեզ մոտ զինծառայողների պատրաստությունը սկսվում է դեռ դպրոցական տարիներին, այնուհետև շարունակվում նախազորակոչային տարիքում: Եվ, որ ամենակարևորն է, օրեցօր ներդրվում են նոր ծրագրեր ծառայությունից հետո մեր երիտասարդների սահուն և անխափան հասարակություն վերադարձն ու ինտեգրումն ապահովելու համար: Իսկ ծառայության երկու տարիները հնարավորինս արդյունավետ անցկացնելու, կրթվելու, ինքազարգացմանբ զբաղվելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Բացի այդ, անընդհատ փորձում ենք կրթական նոր ծրագրեր ներդնել բանակում՝ զինվորի առօրյան էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար:
Այս ամենից զատ, այսօր արդեն ունենք զինծառայության վայրն ընտրելու հնարավորինս արդար և թափանցիկ ներդրված մեթոդ: Բացի որակյալ և կատարյալ մարդկային ռեսուրսից, ՀՀ ԶՈւ-ն այսօր զինված է գերհզոր և ժամանակակից զինտեխնիկայով: Մեր զինանոցում այսօր առկա են այնպիսի եզակի զինատեսակներ, որոնք ամեն պահի կարող են ճնշել հակառակորդի ցանկացած ոտնձգություն:
Չնայած այս ամենին, իհարկե, պետք է նաև հաշվի առնել, որ կան դեռ թերություններ, բացթողումներ, որոնք, սակայն, մշտապես շտկվում են: Մենք օրեցոր փորձում ենք վերացնել առկա բացթողումները՝ հույս հայտնելով, որ մոտ տարիներին կունենանք էլ ավելի մարտունակ բանակ, որում գրեթե թերություններ չկան:
- Պարոն Հովհաննիսյան, չնայած բանակը շատ երկրներում փակ կառույց է, Հայկական բանակն այսօր հանրության առջև բավական բաց է և տարեցտարի այդ ուղղությամբ նորանոր քայլեր են իրականացվում։ Որքանո՞վ է արդարացված «բաց բանակի» մոդելը և ի՞նչ արդյունքներ է այն տալիս:
- Իրավացի եք, այսօր ՀՀ ԶՈՒ–ն վարում է հնարավորինս բաց քաղաքականություն՝ չանտեսելով , իհարկե, անվտանգության նկատառումները: Այսպես ասված «բաց բանակը» ընդունված և համաշխարհային ճանաչում ստացած մոդել է: Այն չափազանց կարևոր նշանակություն ունի հատկապես մեր նման երկրների համար, քանզի ապահովում է բանակի հասանելիությունը հասարակության համար: Վիգեն Սարգսյանի ներդրած «Ազգ-բանակ» կոնցեպտն այս մոդելի տրամաբանական օղակներից է: Այն օգնում է, որպեսզի բանակը չվերածվի առանձնացված կառույցի և մշտապես կապի մեջ լինի հասարակության հետ:
«Բաց բանակի» մոդելն ավելի քան արդարացված և արդյունավետ է, քանզի այն թույլ է տալիս հասարակությանը մշտապես տեղեկացված լինել Բանակում առկա իրադրությանը:
- Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ բանակի հանդեպ վստահությունն ու հետաքրքրությունը հանրության շրջանում էլ ավելի մեծացնելու ուղղությամբ։ Եվ ի՞նչ քայլեր են այս ուղղությամբ իրականացվում։
- Այսօր մենք ունենք շատ խիզախ և մարտունակ Բանակ: ՀՀ ԶՈՒ-ն այն կառույցն է , որ մշտապես վայելում է հասարակության վստահությունն ու աջակցությունը: Ապրիլյան իրադարձություններն էլ եկան ապացուցելու այն փաստը, որ մեր ժողովուրդը մշտապես մեր Բանակի կողքին է:
Վերջերս ներդրված «Ազգ- Բանակ» հայեցակարգը կոչված է ամրապնդելու հասարակության վստահությունը և էլ ավելի խորացնելու հանրության հետաքրքրությունը Բանակի հանդեպ: Այն նպատակ ունի ապահովել ազգ-բանակ մշտական կապը՝ ԶՈՒ գործունեությունը դարձնելով էլ ավելի թափանցիկ հասարակության համար:
- Հաշվի առնելով ԶԼՄ-ների հետ ամենօրյա աշխատանքի Ձեր փորձը՝ ի՞նչ հիմնական խնդիրներ և առավելություններ կարող եք առանձնացնել:
- ԶԼՄ-ների հետ աշխատանքի վերաբերյալ ցավով պետք է նշեմ մի հանգամանք, այն է՝ դաշտում գրեթե առկա չեն ոլորտի մասնագետներ: Մեզ մոտ լրագրողների հիմնական մասը զբաղվում է ընդհանուր լրագրությամբ, մինչդեռ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են կոնկրետ ոլորտի նեղ մասնագիտացված լրագրողներ: Սա է այն գլխավոր դժվարությունը, որին հանդիպում եմ գործունեությանս ընթացքում:
Սակայն, ուրախությամբ և մեծ հպարտությամբ կարող եմ փաստել, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կարողացել ենք հասնել նրան, որ օրեցօր աճում է հետաքրքրությունը ռազմական լրագրության նկատմամբ, և աստիճանաբար լրատվական դաշտում հայտնվում են լրագրության հենց այս ճյուղի մեջ մասնագիտացված լրագրողներ:
- Ձեր բարեմաղթանքը Հունվարի 28-ին ընդառաջ։
- Ամենակարևորը, որի մասին երազում է ցանկացած զինվորական, այն է, որ խաղաղություն լինի մեր երկրում: Իսկ մեր բանակին և մեր հերոս տղաներին մաղթում եմ տոկունություն, հզորացում և բարգավաճում: