Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ մասնակցությամբ, խաղաղապահի ծառայության մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Զինված ուժերի սերժանտ, խաղաղապահ Վահրամ Զոհրաբյանի հետ:
- Որքա՞ն ժամանակ է, որ համալրել եք խաղաղապահ ուժերի շարքերը, որո՞նք են ծառայության ժամանակ ձեռք բերած հիմնական հմտությունները: Ծառայության ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
- Սկսած 2010 թվականից մասնակցել եմ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված զորավարժություններին: Տարբեր երկրներում մասնակցել եմ նաև հրահանգչի և ղեկավարման դասընթացներին: Դասընթացների ժամանակ մեզ սովորեցնում էին ինչպես գիտելիքները հետաքրքիր մատուցել, ինչպես զինծառայողների հետ ճիշտ հաղորդակցվել և այլն: Ծառայության ընթացքում, իհարկե, եղել են նաև դժվարություններ: Ծառայել եմ տարբեր երկրներում, ստիպած եմ եղել դիմանալ եղանակային տարբեր պայմաններին, ծանոթանալ տվյալ երկրի ծառայողական հմտություններին, հարմարվել նրանց ծառայության պայմաններին, սովորել ինչպես արագ և ճիշտ կողմնորոշվել նոր տեղանքում և այլն:
Ծառայել եմ Լիբանանում և Կոսովոյում: Ի տարբերություն Կոսովոյի՝ Լիբանանում մարդիկ մեր հանդեպ ավելի բարեհամբյուր էին, ինչը պայմանավորում եմ այնտեղ մեծ հայկական համայնքի առկայությամբ:
- Ի՞նչ հիմնական հատկություններով է առանձնանում հայ խաղաղապահը մյուսներից:
- Ի տարբերություն այլազգի խաղաղապահների, պետք է փաստեմ, որ հայ խաղաղապահներն ավելի մեծ վստահություն են վայելում: Բարդ իրավիճակներում հրամանատարները շատ հաճախ վստահում են հենց հայ խաղաղապահներին: Նրանք ուղղակի վստահ են, որ հանձնարարված առաջադրանքը կիսատ չի մնա: Երբ հայ խաղաղապահներին, որևէ առաջադրանք է հանձնարարվում, հրամանատարները հարկ չեն համարում հավելյալ ստուգել, արդյո՞ք առաջադրանքը պատշաճ կատարվել է, թե՝ ոչ:
Բացի այդ, հայ խաղաղապահներն աչքի են ընկնում իրենց ճշտապահությամբ: Անգամ եղել են դեպքեր, երբ «գերմանական ժամ» արտահայտության փոխարեն, ցանկացել են օգտագործել «հայկական ժամ» արտահայտությունը: Հայ խաղաղապահները բարձր հեղինակություն են վայելում ու դրա հետ դրսում հաշվի են նստում:
Հայ խողաղապահները դրսում հայտնի են նաև որպես «դուխով տղերք»: Հիշում եմ մի օր երեկոյան զբոսնելիս նկատեցինք, թե ինչպես օտարերկյա զինվորներից մեկը դիտաաշտարակից վախեցած դուրս եկավ: Երբ հարցրեցին նրան, թե ինչ է պատահել, ասաց, որ մեծ սարդ է տեսել և վախեցել: Հայ խաղաղապահներից մեկը մոտեցավ և ձեռքի արագ շարժումով այդ սարդի վերջը տվեց, ինչն, իհարկե, մեծ զարմանք առաջացրեց վախեցած օտարերկրացի զինծառայողի մոտ:
- Այլ երկրների խաղաղապահ զինվորների հետ շփումներն ի՞նչպես են ստացվում:
- Այլ երկրների խաղաղապահ զինվորների հետ շփումը հեշտ է տրվում: Հայերը բնույթով շատ մարդամոտ են և կարողանում են բոլորի հետ արագ լեզու գտնել և ընկերանալ: Միակ խոչընդոտը որոշ դեպքերում լեզվի չիմացությունն է, սակայն անգամ այդ դեպքում կարողանում ենք շփել ձեռքերի շարժումների օգնությամբ:
Լեզվի վատ իմացության հետ կապված մի զվարճալի պատմություն պատմեմ. իտալացի խաղաղապահների հետ նույն ինքնաթիռով վերադառնում էինք ծառայությունից: Նախ ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում, որից հետո պետք է թռներ Իտալիա: Երբ ինքնաթիռից դուրս էին գալիս, բոլորս իտալացիներին հրաժեշտ տվեցինք ասելով ՝ «Good bye, Italy»: Մեր տղաներից մեկը, ով լավ չէր տիրապետում անգլերենին, մոտեցավ իտալացի բժշկուհուն և ասաց «See you tomorrow», ինչից հետո ինքնաթիռում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել:
- Իսկ ծառայության հետ կապված որևէ զվարճալի դեպք կպատմե՞ք:
- Զվարճալի պատմությունները շատ են: Մի անգամ, որպես ջոկի հրամանատար՝ ծառայություն էի իրականացնում Կոսովոյի և Սերբիայի սահմանին: Այնտեղով նեղ ճանապարհ էր անցում և մենք պետք է գրանցեինք այդ ճանապարհով երթևեկող բոլոր մեքենաներին: Մեքենաներ հազվադեպ էին անցնում, ժամը մեկ մի մեքենա անցներ, թե՝ չէ: Ծառայակից տղաներից մեկը կատակով հարցրեց, թե ինչ կանեմ, եթե հիմա այստեղով հարսանիք անցնի (ինչպես Հայաստանում, այնտեղ նույնպես հարսանիքների ժամանակ մեքենաների շարասյուն էր անցնում): Իհարկե, հարցը ծիծաղելի թվաց, քանի որ այդ վայրում մարդիկ գրեթե չէին բնակվում: Սակայն, մի քանի րոպեից իսկապես հարսանեկան մեքենաների շարասյուն եկավ: Մենք կանգնել զարմացած նայում էինք, մինչ նրանք եկան, մեզ ողջունեցին և անցան:
- Ի՞նչ է Ձեզ համար խաղաղությունը:
Խաղաղության հաստատումն իմ, և կարծում եմ, մեր ողջ հայ ժողովրդի համար առաջնային և ամենամեծ ցանկությունն է:
- Ի՞նչ կմաղթեք մեր Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ:
- Շնորհավորում եմ մեր բանակին 25-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն: Տա´ Աստված, որ մեր զինծառայողները երբեք առիթ չունենան օգտագործելու իրենց հմտությունները: