Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ միջազգային խաղաղապահ առաքելություններում հայ խաղաղապահների ծառայության մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ Զինված ուժերի սերժանտ Գրիգոր Թադևոսյանի հետ:
- Ինչպե՞ս որոշեցիք դառնալ զինվորական: Ինչպե՞ս համալրեցիք խաղաղապահ զորքերի շարքերը:
- 2005 թվականից ծառայում եմ խաղաղապահ բրիգադում: Խաղաղապահ առաքելություն եմ իրականացրել երկու անգամ Կոսովոյում, երկու անգամ Աֆղանստանում: Ալբանիայում և Գերմանիայում մասնակցել եմ զորավարժությունների: Զինվորականի մասնագիտությունը սկզբից ի վեր սիրել եմ, երևի նրա համար, որ հայրս էլ է եղել զինվորական և 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարտադիր զինվորական ծառայությունս ավարտելուց հետո ցանկացա շարունակել ծառայությունս, հետաքրքրվեցի, իմացա խաղաղապահ բրիգադի մասին և որոշեցի միանալ նրանց:
- Ի՞նչ հիմնական հմտություններ եք ձեռք բերել՝ խաղաղապահ առաքելության մեջ ներգրավելով: Ի՞նչ դժվարությունների եք բախվել:
- Ծառայության ընթացքում զարգացնելով իմ ֆիզիկական կարողությունները գրանցվել եմ «Դյուցազնագրքում»՝ երեք րոպեում կատարելով 99 ձգում պտտաձողի վրա (աշխարհի ռեկորդ սահմանելու համար ընդամենը մեկ ձգում էր պակասում): Հունվար 27-ին՝ մեր բանակի 25–ամյակի նախօրեին, կարողացա ռեկորդ սահմանել պտտաձողի վրա՝ մեկ րոպեյում 68 ձգում կատարելով (Գինեսի գրքում գրանցված է 67 ձգում):
Ծառայության ընթացքում ինձ համար հիմնական դժվարությունը եղել է երկար ժամանակ ընտանիքից հեռու լինելու հանգամանքը:
- Ի՞նչ հիմնական հատկություններով է առանձնանում հայ խաղաղապահը մյուսներից:
- Հայերն այլազգի խաղաղապահներից տարբերվում են մարդամոտ լինելով: Երբ օտարազգիների ծառայության օրը ավարտվում է, նրանք ուղղակի գնում են քնելու, հայ խաղաղապահները մնում են արթուն, իրար հետ շփվում են, մի խոսքով՝ ապրում են ինչպես մի համախմբված ընտանիք:
Հիշում եմ, երբ Նոր Տարվա օրը դրսում ծառայություն էինք իրականացնում, հայ խաղաղապահներով հավաքվել, տոնում էինք: Մեր դրական, «հայավարի» տրամադրությամբ մենք գրավեցինք նաև գերմանացիների ուշադրությունը, ովքեր իրենց գործերը թողեցին և մեզ միացան:
Հայ խաղաղապահները բազմաթիվ շնորհակալագրել են ստանում լավ ծառայության համար: Սերբիայի սահմանին ծառայություն իրականացնելիս հիմնական գումարտակի հրամանատարը որոշել էր, որ մինչև ջոկում հայ չլինի, նրանք ծառայություն չեն իրականացնի, որովհետև վախենում են:
- Ձեր առաքելության հիմնական գործառույթները որո՞նք են:
- Կոսովոյում իրականացրել եմ պարեկություն, բազայի պաշտպանություն, իսկ Աֆղանստանում օդանավակայանի և բազայի պաշտպանություն: Հիմնականում ծառայության օրակարգը՝ 24 ժամը, բաժանվում է երեք մասի: Օրվա ութը ժամը ծառայություն ենք իրականացնում, ութը ժամը զբաղվում ենք մեզանով, իսկ մյուս ութը ժամը քնում ենք:
- Ի՞նչ կմաղթեք մեր Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ:
- Անփորձանք ծառայություն: Փափուշտներն էլ թող կրակեն միայն հրաձգարանում: