Արաբական պետությունների լիգայում անհանգստացած են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից՝ մուսուլման երկրների բնակիչների համար Միացյալ Նահանգներ մուտքի վիզաները սահմանափակելու վերաբերյալ։
«Դոնալդ Թրամփի որոշումը հարվածում է ընտանիքների միասնությանը և ընդհանուր առմամբ ԱՄՆ ժողովուրդների և արաբական երկրների միջև կապերին», - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյթը։
Նրա կարծիքով՝ Թրամփի գործողությունները հակասում են դրական գործընթացներին, որոնք դիտարկվում են աշխարհում վերջին տասնամյակում։
Հիշեցնենք, որ Թրամփի վերջին հրամանագրով 90 օրով կասեցվել է ներգաղթը յոթ երկրներից՝ Սիրիայից, Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից և Եմենից:
Բացի այդ, 120 օրով դադարեցվել է փախստականների ընդունումը ցանկացած երկրից, իսկ սիրիացի փախստականների դեպքում սահմանվել է մուտքի անժամկետ արգելանք՝ բացառություն նախատեսելով միայն քրիստոնյաների համար:
Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում չեն դադարում բողոքի ցույցերն այս որոշումների դեմ: Բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Ցուցարարները վանկարկում են՝ «Ո՛չ ատելությանը», «Ո՛չ վախին», «Մենք ողջունում ենք փախստականներին»: Առնվազն հինգ նահանգներում դաշնային դատավորները դեմ են գնացել երկրի նախագահի այս հրամանագրին և արգելափակել դրա կատարումը:
Համաձայն Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալներին՝ ամերիկացիների առնվազն 51 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի վարած միգրացիոն քաղաքականությանը:
Երկրով մեկ սկսված բողոքի ցույցերից հետո Սպիտակ տան ղեկավարը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ամերիկան ներգաղթյալների հպարտ երկիր է, և մենք կշարունակենք հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են հալածանքներից ու ճնշումներից, սակայն, մենք դա պետք է անենք մեր սեփական երկրի քաղաքացիներին ու սահմանները պաշտպանելով»:
«Աշխարհում ավելի քան 40 հիմնականում մահմեդականներով բնակեցված երկիր կա, որոնց վրա այս հրամանագիրը չի տարածվում», - ավելացրել է նորընտիր նախագահը:
Ինչևէ, Ամերիկայի նման քաղաքականությունը մտահոգություններ է առաջ բերել աշխարհի շատ երկրներում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ ափսոսանք է հայտնել՝ ընդգծելով, որ «ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը չի արդարացնում կասկածները կոնկրետ ազգությունների նկատմամբ և ոստնահարում է մարդու իրավունքների Ժնևյան կոնվենցիան»:
Կանադան իր հերթին քննադատել է Թրամփին, իսկ երկրի միգրացիոն հարցերի նախարար Ահմեդ Հուսեյնը տեղեկացրել է, որ Կանադան պատրաստ Է ժամանակավոր ապաստան տրամադրել այն մարդկանց, որոնք հարկադրված են մնալ Կանադայում մուտքի սահմանափակման վերաբերյալ Թրամփի հրամանագրի պատճառով: Հուսեյնը հավելել Է, որ Թրամփի վարչակազմն Օտտավային հավաստիացրել Է, որ այդ արգելքը չի վերաբերի ԱՄՆ-ի նախագահի հրամանագրում նշված յոթ երկրներից երկքաղաքացիությամբ կանադացիներին: