Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ։
Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հրամանագրի շուրջ զարգացող իրավիճակի առնչությամբ՝ ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով, փոխանցում է tert.am-ը:
Ինչպես նշում է Հայ դատի հանձնախումբը, այդ իրավական գործողության ամբողջ ազդեցությունն ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա դեռ պարզ չէ։ Հանձնախումբը նշել է, որ շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ՝ այդ թվում Կոնգրեսի և Սպիտակ տան, և մի շարք խորհուրդներ է տվել։
Հանձնախումբը խորհուրդ է տվել հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ ում թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ՝ կապվել հանձնաժողովի հետ և պատրաստ լինել կիսվել որոշակի տեղեկատվությամբ։
Մինչև ավելի հստակ դառնա այդ սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբը և բնույթը, Ամերիկայի Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց, քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։
Հիշեցնենք, հունվարի 27-ին Թրամփը հրամանագիր է ստոագրել, որով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։