ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լի է ՆԱՏՕ-ն բարեփոխելու պատրաստակամությամբ, մասնավորապես՝ կառույցի ներսում ռազմական ծախսերն արդարացիորեն բաշխելու ուղղությամբ: Այս մասին գրում է Die Welt թերթը՝ մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թրամփի ունեցած հեռախոսազրույցը:
Պետք է նշել, որ Դոնալդ Թրամփը վերոնշյալ հեռախոսազրույցում բարձրացրել է այն հարցը, որը ԱՄՆ նախկին նախագահների օրոք ևս հնչեցվել են: Խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրների կողմից ոչ բավարար ռազմական հատկացումներին, ինչի արդյունքում դաշինքի ներսում ռազմական ծախսերի 75%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին:
ՆԱՏՕ-ն՝ Հյուսիսատլատնյան դաշինքը, ռազմաքաղաքական համագործակցության ձևաչափ է, որը հիմնվել է 1949թ.: Դաշինքը ներառում է Եվրոպական երկրների մեծ մասը, ԱՄՆ ու Կանադան:
Մի շարք կարգավորումներին զուգահեռ, Դաշինքն ունի ֆինանսավորումը կարգավորող դրույթ: Մասնավորապես, ՆԱՏՕ անդամների ռազմական ծախսերը պետք է ՀՆԱ 2%-ից պակաս չլինեն: Չնայած այս դրույթին, ՆԱՏՕ-ի եվրոպական 25 երկրներից միայն երեքն էին այն կատարում՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանն ու Էստոնիան:
Այսպես, 2013 թ. եվրոպական երկրների ռազմական ծախսերի միջին գումարը կազմել է ՀՆԱ 1,4%: Նման ցուցանիշը պայմանավորում են Եվրոպայում առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամով:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի համախառն գումարում ԱՄՆ դերին, ապա 1995-2013թթ ընկած ժամանակահատվածում ռազմական ծախսերի այդ ցուցանիշը 59%-ից հասել է 72 %-ին:
2016թ. տվյալների համաձայն՝ ռազմական ծախսերի 2%-ի շեմը լրացրել են եվրոպական չորս երկրներ՝ Մեծ Բրիտանիան (60,3 մլրդ դոլար, ՀՆԱ 2.21 %), Լեհաստանը (9,3 մլրդ դոլար, ՀՆԱ 2%), Հունաստանը (4,5 մլրդ դոլար, ՀՆԱ 2.38%) և Էստոնիան (479 մլն դոլար, ՀՆԱ 2.16%):
Հատկանշանական է, որ ՆԱՏՕ ռազմական ծախսերի 72% -ից ավելին՝ 918,3 մլրդ դոլարի չափով 2016թ-ին արվել է կրկին ԱՄՆ կողմից: Նշենք, որ այդ գումարը կազմել է ԱՄՆ ՀՆԱ-ի 3,61% և գերազանցել է նույն ժամանակահատվածի համար Պենտագոնի տարեկան բյուջեն, որը կազմում է 580,3 մլրդ դոլարը:
Պատահական չէ, որ ԱՄՆ նորընտիր ղեկավարի, ինչպես նաև նրան նախորդողների մոտ առաջացել է ծախսերի անհավասար բաշխումը լուծելու խնդիր: Հարցարդումը կատարվում է հետևյալում՝ համարժե՞ք է ՆԱՏՕ-ի արդյունավետությունն ու դրա դիմաց միայն ԱՄՆ կողմից վճարված գումարի չափը:
Փաստացի այսօր Դոնալդ Թրամփը շեշտադրում է ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ոչ բավարար կամ սիմվոլիկ աջակցություն ունենալու խնդիրը: Կհաջողվի՞ արդյոք ԱՄՆ վարչակազմին ստիպել ՆԱՏՕ-ի անդամ իր գործընկերներին կատարել ստանձնած պարտավորությունները, ցույց կտա ժամանակը: