Բրիտանական «BAE Systems» ընկերությունը և ռազմատիեզերական արդյունաբերությամբ զբաղվող թուրքական «TUSAŞ» (Turkish Aerospace Industries) ընկերությունը նախօրեին ստորագրված պայմանագրի համաձայն համատեղ կզբաղվեն թուրքական «TF-X» ռազմական ինքնաթիռների արտադրությամբ:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «CNN Türk»-ին երկու պետությունների կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և անգլիացի ինժեներներն ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ կկատարեն, ինչպես նաև՝ միմյանց կօգնեն տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման ոլորտում: Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո այս նախագիծն առաջին քայլն է երկու երկրների հարաբերություններում:
Պայմանագրի արժեքի վերաբերյալ տարբեր աղբյուրներում տարբեր տեղեկություններ են նշվում: Սակայն հայտնի է, որ նախագծի առաջին էտապի համար կառանձնացվի շուրջ 117 միլիոն եվրո: «HaberTürk»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ մյուս փուլերի հետ մեկտեղ նախագծի ընդհանուր արժողությունը կկազմի շուրջ 7 միլիարդ եվրո: Արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կհամալրվեն 250 «TF-X» ինքնաթիռով:
Ենթադրաբար 20 տարի տևողությամբ նախագծի ավարտին Թուրքիան հնարավորություն կստանա վաճառելու սեփական արտադրության ռազմական ինքնաթիռները: Բացի այդ, Թուրքիան կունենա նաև «TF-X» ինքնաթիռների ծրագրային կոդերը և այդ ինքնաթիռների արտադրության մեջ մասնագիտացված ինժեներներ: Ինքնաթիռի առաջին նախատիպը պատրաստ կլինի 2023թ., իսկ առաջին թռիչքը կկատարվի 2030-ին:
Հիշեցնենք, որ կողմերի միջև ռազմարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում: