Ժամեր տևած լռությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որոշեց ի վերջո հայտարարություն տարածել փետրվարի 1-ին Արցախի սահմանագծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: Ադրբեջանն այս անգամ ոչ միայն հայտարարեց, որ նման գործողություն տեղի չեն ունեցել, այլև ընտրեց սեփական զինվորից հրաժարվելու ուղին:
Իհարկե, Ադրբեջանի նման մերժողական կեցվածքը նորություն չէ ո´չ հայկական կողմերի, ո´չ էլ միջազգային հանրության համար, սակայն այն առավել տեսանելի է դարձնում սեփական հանրության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը:
Նախ, հրաժարվելով իր իսկ զինվորից, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ցույց են տալիս, որ զինվորն ու նրա կյանքը որևէ արժեք չունեն և ցանկացած պահի, երբ հարվածի վտանգ կա Ադրբեջանի իմիջին կամ շահերին, իշխանությունը պատրաստ է «զոհել» նրանց:
Երկրորդ, պատերազմական գործողություններին երբևէ որևէ մասնակցություն չունեցած անձը չի կարող ունենալ հստակ պատկերացում իրական պատերազմի, զինվորի արժեքի մասին: Նման անձանց թվին է պատկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում մաքսիմալիստական նկրտումներն ու ռազմական արկածախնդրությունը վկայում են, թե որքան է նա հեռու ռազմական գործից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի հակահայկական քարոզչություն է Ադրբեջանի իշխանությունն իրականացնում սեփական հանրության շրջանում և ինչպիսի վերահսկողություն կա մամուլի վրա, հանրության մի ստվար հատվածի համար, իհարկե, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ հայտարարությունները կարող էր ընկալվել որպես բացարձակ ճշմարտություն: Այնուամենայնիվ, հրապարակված անհերքելի ապացույցները Ադրբեջանի հասարակության առողջ հատվածի մոտ միանշանակ կառաջացնեն հարցեր, որոնց դեմ Բաքվի քարոզչամեքենան անզոր է:
Ինչևէ, նման օրինակները «բացում են» Ադրբեջանի հասարակ քաղաքացիների աչքերն՝ ամրապնդելով այն գիտակցումը, որ նրանք սոսկ գործիքներ են՝ Ալիևի փառամոլության և իշխանության պահպանման համար: