ԱՄՆ նոր վարչակազմի, Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների, նոր գերակայությունների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի հետ:
- Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում շոկային արձագանքներ առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ինչո՞վ եք դա պայմանավորում:
- Նման շոկային արձագանքը կարելի է պայմանավորել մի շարք գործոններով: Փորձեմ առանձնացնել դրանցից հիմնականները.
Առաջին, Դոնալդ Թրամփը՝ որպես քաղաքական գործիչ, դուրս է, ինչպես Արևմուտքում է ընդունված անվանել, քաղաքական կոռեկտության դաշտից (political rightness): Պատահական չէ, որ Արևմտյան մեդիան նրան անվանում է «ամենա ոչ ավանդական» ԱՄՆ նախագահը: Օրինակ, գիտենք, որ, որպես կանոն, քաղաքական գործիչները հետևում են այսպես կոչված դիվանագիտական էթիկային և խուսափում են շատ հարցերի մասին կարծիք հայտնելուց: Ի տարբերություն նրանց, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն հաճախ իրեն ազատ է զգում այդ «դիվանագիտական կապանքներից» և իրերն անվանում է իրենց անուններով:
Երկրորդ, Դոնալդ Թրամփի հաղթանակը կոտրեց մի շարք առկա կարծրատիպեր: Oրինակ, ԱՄՆ նախագահը, ինչպես ընդունված է ԱՄՆ քաղաքական պրակտիկայում, պետք է պարտադիր ունենա անցած երկար քաղաքական ուղի, զբաղեցրած լինի տարբեր պաշտոններ՝ աստիճանաբար բարձրանալով և հասնելով նախագահի աստիճանին: Մյուս կարծրատիպի օրինակն այն համոզմունքն է, որ նախագահական ընտրություններում չի կարող հաղթել մի թեկնածու, ով չունի ամուր կուսակցական կապեր ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններից և ոչ մեկի հետ:
Երրորդ, ողջ քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը հանդես է եկել որպես անկանխատեսելի քաղաքական գործիչ՝ իրեն ընդհանրապես չկաշկանդելով մինչ այդ ԱՄՆ կողմից տարվող քաղաքականությանը հավատարիմ մնալու պարտավորությամբ: Նկատենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահը դեմ դուրս եկավ հայտարարաված սկզբունքներին և տարվող հիմնական քաղաքական գծերին (դրա վառ օրինակ էր վերջին տարիներին Արևմուտքում իշխող հակառուսական ալիքին դեմ դուրս գալը, միգրանտների քաղաքականության հարցում դրսևորած դիրքորոշումը և այլն):
Չորրորդ, Արևմտյան մեդիան հայտնվեց իր իսկ լարած թակարդում: Ողջ քարոզարշվի ընթացքում արևմտյան փորձագետների, լրագրողների մեծ մասը գրեթե բացառում էր Թրամփի հաղթանակը և այդ տրամադրությամբ վարակում հանրությանը: Սակայն ունեցանք լրիվ հակառակ պատկեր: Իրավիճակը նույն էր նաև Brexit-ի դեպքում:
- Ձեր կարծիքով ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնավարման տարիներին ականատես կլինե՞նք ԱՄՆ արտաքին քաղաքականության, դրանում կիրառվող գործիքակազմի փոփոխության:
- Հարցին պատասխանելու համար պետք է ուղղակի վերհիշենք, թե որոնք էին այն հիմնական թեզերը, որ Թրամփն օգտագործեց իր ողջ քարոզարշավի ընթացքում և շարունակեց դրանց հավատարիմ մնալ ընտրություններում հաղթելուց հետո: Այդ թեզերի շարքում կառանձնացնեմ երկու հիմնականները. ԱՄՆ-ն իր քաղաքականության մեջ հաշվի է առնելու նախևառաջ իր շահերը և, երկրորդ, մենք վերականգնելու ենք այլ երկրների՝ ԱՄՆ հանդեպ ունեցած հարգանքը:
Այստեղից կարող ենք անել հետևյալ եզրակացությունները.
առաջին, այլ երկրների հետ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղակի բերվելու է պայմանավորվածությունների դաշտ և կառուցվելու է «ինչն ինչի դիմաց սկզբունքով»: Եթե ասվածը պրոյեկտենք, օրինակ, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների վրա, ապա ԱՄՆ-ն իր ԵՄ դաշնակիցների առաջ դնելու է շատ հստակ սահմանված խնդիր. եթե ցանկանում եք, որ ԱՄՆ-ն ապահովի ձեր անվտանգությունը, ապա մտածեք, թե ինչ եք պատրաստ տալ ԱՄՆ-ին դրա փոխարեն և ինչպես է դա ծառայելու ԱՄՆ շահերին:
երկրորդ, ԱՄՆ այսուհետ իր քաղաքականությունը կառուցելու է ոչ թե արժեքների իմիտացիայի, այլ շահերի վրա: Սա ինքնին արդեն ենթադրում է նահանջ նախկինում ԱՄՆ կողմից հաճախ օգտագործված «փափուկ ուժի» սկզբունքից: Այլ կերպ ասած, եթե նախկինում ԱՄՆ կողմից տրամադրված ֆինանսական ռեսուրսներն ուղղորդվում էին հիմնականում ընդդիմադիր ուժերին՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, ապա այսուհետ հիմնական պայմանավորվածությունները գործելու են իշխանությունների հետ՝ նույն «ինչն ինչի դիմաց սկզբունքով»:
- Ի՞նչի կհանգեցնի նման փոփոխությունը և որքանով է այն դրական:
- Դրական է այնքանով, որ լինելու են հստակ սահմանված կանոններ և պարտավորություններ: Բացասական է նրանով, որ արժեքների առաջ մղումը շահերի հաշվին մղվելու է ետին պլան: ԱՄՆ-ն տարիներ շարունակ հանդիսացել է (առնվազն հայտարարությունների մակարդակով) ժողովրդավարական արժեքների ավանդական ջատագովը: Այս դեպքում հարց է առաջանալու, կգտնվի արդյո՞ք ինչ-որ մեկը, որ կկարողանա փոխարինել ԱՄՆ-ին:
- Այդ ֆոնին ի՞նչ փոփոխություններ ակնկալել անմիջական հարևանների, հիմնական ուժային կենտրոնների (Ռուսաստան, Չինաստան) և մեր տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մեջ:
- Ինչ վերաբերում է իր անմիջական հարևաններին, ապա ԱՄՆ, կարծում եմ, կշարունակի նրանց հետ համագործակցությունը, սակայն այս դեպքում ևս կգործեն հստակ սահամանված պայմանավորվածություններ: Այստեղ ԱՄՆ-ն առաջ կմղի իր հիմնական հետաքրքրությունները՝ փորձելով դրանք հնարավորինս ծառայեցնել նաև իր անմիջական հարևանների հետաքրքրություններին:
Ուժային կենտրոնների հետ հարաբերությունները կկառուցվեն փոխգործընկերության սկզբունքի վրա, որտեղ գործընկերներից որևէ մեկը չի փորձի հատել մյուսի կողմից սահմանած կարմիր գծերը: Միևնույն ժամանակ, նրանք կփորձեն միասին պայքարել ընդհանուր մարտահրավերների դեմ:
Հաշվի առնելով, որ Թրամփը, կարծես ավելի մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ ներքին խնդիրներին և թուլացնելու է տարբեր տարածաշրջանում ակտիվ ներգրավումը՝ կարծում եմ, առկա խնդիրների շուրջ ընդհանուր հայտարարի գալու գործը ԱՄՆ-ն կթողնի տարածաշրջանի հիմնական խաղացողներին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կշարունակի մասնակցել այն ձևաչափերին, որոնցում նախկինում մասնակցում էր, օրինակ Մինսկի խմբի եռահամանախագահության ձևաչափում: Կմեծանա նաև ԱՄՆ շահագրգռվածությունն ունենալու հաջողության պատմություններ այն խնդիրներում, որոնցում նա շարունակում է ունենալ անմիջական մասնակցություն: Սա պայմանավորված է ԱՄՆ վարկանիշը բարձրացնելու Թրամփի ձգտումով: