Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռը ներկայացող Նիլհան Օսմանօղլուն պահանջել է իր պապին պատկանած տարածքներից Գալաթասարայի կղզին և հայտարարել, որ իր ընտանիքին պատկանած 32 տարածք, որոնք հիմնականում գտնվում են Ստամբուլի տարածքում, անօրինական կերպով խլվել են իրենցից կայսրության տապալումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ Նիլհանը նաև ակտիվորեն աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, փոխանցում է Թերթ.ամ-ը:
Օսմանօղլուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում դատարանի միջոցով հետ կստանա «իր նախնիների ունեցվածքը» և քննադատել է Թուրքիայում Աթաթուրքի իրականացրած բարեփոխումներն ու հայտարարել, որ հանրապետության հռչակմամբ Թուրքիայում ջնջվել է անցյալը, մոռացվել կրոնն ու օսմանյան լեզուն:
Երբ հեռուստաալիքի հաղորդավարը հանդիմանել է Օսմանօղլուին՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ու իր թիմակիցներն արևմտյան արժեքներին համապատասխան հասարակարգ են ստեղծել և բարձրացրել կրթության մակարդակը՝ այն դեպքում, երբ օսմանյան շրջանում կրթված բնակչության տոկոսը չէր հասնում անգամ մեկի, Օսմանօղլուն քամահրանքով պատասխանել է. «Փառք Աստծո, որ այդպես մտածող երիտասարդները գնալով քչանում են մեր երկրում»:
Ի դեպ, Գալաթասարայի կղզին, որի հանդեպ հավակնություններ է ներկայացնում Նիլհան Օսմանօղլուն, դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթաններից Աբդուլազիզի կողմից շնորհվել է հայտնի պոլսահայ Բալյանների (Օսմանյան պատմության ամենանշանավոր ճարտարապետների ընտանիքներից մեկը) տոհմի ներկայացուցիչներից Սարգիս Բալյանին: