Սիրիական հակամարտության կամ սիրիական իշխանությունների հանդեպ Հայաստանն իր դիրքորոշումը չի արտահայտել բացահայտ կերպով կամ աղմկոտ հայտարարություններով, բայց այդ դիրքորոշումը մենք տեսել ենք գործնական քայլերով: Այս մասին այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանը:
«Հայաստանը պահպանել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը միակ դիվանագիտական ներկայացուցչությունն էր, որ քաղաքի շրջափակման պայմաններում շարունակեց իր գործունեությունը»,- նշել է փորձագետը:
Որպես մյուս կարևոր ուղղություն նա առանձնացրեց հումանիտարի աղետի մեղմելուն ուղղված ջանքերի գործադրումը և սիրիահայ փախստականներին Հայաստանում ընդունելու պատրաստակամությունը:
Անդրադառնալով Ծոցի երկրների հետ հարաբերություններին՝ Արփինե Հովսեփյանը նշել է. «Մենք այստեղ տեսնում ենք զարգացում, մասնավորապես վերջին շրջանում ակտիվ այցելություններ են կատարվում այս երկրներ»:
Փորձագետը նշում է, որ ներդրումների ներգրավման տեսակետից այդ ոլորտը հեռանկարային է: «Իրենց արտաքին տնտեսական քաղաքականության մեջ կա կապիտալի արտահանման բաղադրիչը, հետևաբար՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականցումն իրոք հաջողելու հնարավորություն ունի»,- ասել է փորձագետը: