«Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին շուրջ 8 հոգանոց մի խումբ կարմիր և սև ներկերով լցված բազմաթիվ շշեր է նետել Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի ուղղությամբ, փոխանցում է Ermenihaber-ը:
Աղբյուրի հավաստմամբ՝ ցուցարարներն ահաբեկչական խմբավորում համարվող «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն -ճակատին» (DHKP/C) աջակցող թռուցիկներ են տարածել հյուպատոսարանի փողոցում և կարգախոսներ հնչեցնելով դիմել փախուստի: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:
«Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» ձևավորվել է 1994թ., կուսակցության հիմքում մարքսիզմ -լենինիզմի գաղափարախոսությունն է: Կուսակցությունը պատասխանատու է քաղաքական գործունեության համար, իսկ «ճակատը»՝ ռազմական կազմավորումների ու զինված գործողությունների: DHKP/C-ն ներառված է Թուրքիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության՝ ահաբեկչական խմբավորումների ցուցակներում: