ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որոշումը, փոխանցում է ИА REGNUM-ը:
«Բելառուսը համաձայնություն է տվել Լապշինին Ադրբեջանին արտահանձնել, այնտեղ նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում, նա այցելել է Ղարաբաղ: Դա ուղղակի հիմարություն է, նա իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ համարում է, որ պետք է: Ղարաբաղը չկարգավորված հարց է, նա Ռուսաստանի քաղաքացի է», - նշել է քաղաքական գործիչը:
«Ահա ձեզ եղբայրական հանրապետություն, եղբայրական ժողովուրդ: Ուկրաինան համաձայնություն չի տվել, այնինչ Լապշինը երեք անձնագիր ունի՝ Ուկրաինայի, Իսրայելի և Ռուսաստանի, միայն Բելառուսն է տվել: Ինչի՞ն է պետք: Հզոր Բելառուսը ռուս Լապշինին հանձնեց Բաքվին՝ հոշոտվելու, պարտիզան Լուկաշենկոն մեծ հաջողության է հասել», - հեգնում է Ժիրինովսկին: